Խորվաթիա – Հայաստան: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն.
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ուելսի ընտրանու հետ և զրկվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու մաթեմատիկական շանսերից: Առավելագույնը, ինչ կարող է անել մեր թիմը, նույն Ուելսին շրջանցելն ու երրորդ հորիզոնական բարձրանալն է: Դրա համար հարկավոր է, որ վերջին տուրում Զագրեբում հաղթենք Խորվաթիային, իսկ Ուելսը տանը պարտվի Թուրքիային:
Այս հաշվարկն արդեն էական չէ. երրորդ տեղ, թե չորրորդ, ըստ էության, մեկ օպերայից է: Ցավոք, արդարացան սկզբնական կանխատեսումները՝ սա է մեր իրական տեղը եվրոպական ֆուտբոլում: Բայց, ամեն ինչ անհույս չէ: Ընտրական այս մրցաշարի ընթացքում Հայաստանի հավաքականի խաղում կար դրական դինամիկա: Մեր թիմն ունի խաղային որոշակի ձեռագիր, գիտի՝ ինչպես մոտենալ կոնկրետ խաղին և ունի ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխարինման մտնելուց հետո ուժեղացնել խաղը: Այս ամենը, իհարկե, Ալեքսանդր Պետրակովի շնորհիվ է: Ուկրաինացի մասնագետը գտել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ աշխատելու ճիշտ տարբերակը: Իսկ նա, ով չի հարմարվում մեթոդներին և կարգապահական պահանջներին, այլևս տեղ չունի մեր գլխավոր թիմում:
Սա նախադրյալ է հաջորդ մրցաշարերում ավելի լավ արդյունք գրանցելու համար: Բայց, նախ ճանապարհենք Եվրո-2024-ը: Ընտրական վերջին խաղում Զագրեբում կմրցենք Խորվաթիայի հետ: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը, ի տարբերություն մեզ, այդ խաղում ունի կոնկրետ շարժառիթ: Զլատկո Դալիչի թիմը հաղթանակի դեպքում կապահովի եզրափակիչ փուլի ուղեգիրը, որը կասկածի տակ դրեց թուրքերից և ուելսցիներից կրած երկու անընդմեջ պարտությունից հետո: Պետրակովն այդ խաղում չի կարող հույս դնել որակազրկված Վարազդատ Հարոյանի և վնասվածք ստացած Ուգոչուկվու Իվուի վրա: Իսկ դա իրենց դրսևորելու լավ հնարավորություն է մյուսների համար, թեև առանց այդ էլ Պետրակովը հանգիստ կարող է փորձարկումներ անել: Ամեն դեպքում, խաղի բացահայտ ֆավորիտը խորվաթներն են, որոնք չեն կարող իրենց թույլ տալ սխալվել ևս մեկ անգամ: Շատ հավանական է, որ, ինչպես Լատվիայի հետ խաղում, Խորվաթիան կփորձի խաղի ելքը վճռել առաջին խաղակեսում: Նման դիմակայություններում չի կարելի երկար սպասել: Մեր տղաներն էլ կարող են օգտվել մրցակցի շտապողականությունից և նրան որսալ հակագրոհներով: Հետևաբար, կարծում եմ, որ առաջին խաղակեսում մենք առնվազն երկու գոլ կտեսնենք:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: