Սպորտային խաղադրույքներ. «Ռեալը» կդառնա Լա լիգայի հաղթող

19:00, 21 մյս 2017
Իսպանիայի այս մրցաշրջանը նախորդների նման խոստանում է թեժ ու հետաքրքիր լինել: Դիեգո Սիմեոնեի՝ Մադրիդ ժամանումից հետո «Ռեալ» — «Բարսելոնա» չեմպիոնական մրցավազքին միացավ նաև «Աթլետիկոն»: Կարծում եմ, որ այս տարի չեմպիոն կդառնա «Ռեալը»:

«Բարսելոնա» 

Լուիս Էնրիկեի թիմը թարմության կարիք ուներ, ինչն էլ արեց ակումբի ղեկավարությունը։ Թիմը բավական երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստներով է համալրվել, սակայն այդ գնումներն ունեն ապագայի ենթատեքստ ու հեռանկար։ Կատալոնական ակումբը չունի MSN հարձակվողական եռյակին արժանի փոխարինող, ով մտնելով խաղադաշտ՝ ինչ-որ բան կարող է փոխել։ Իսկ նրանցից մեկի վնասվածք ստանալու դեպքում «Բարսելոնան» կարող է խնդրի առաջ կանգնել: Տրանսֆերային պատուհանը դեռ ավարտված չէ, և մենք չենք կարող վերջնական ենթադրություններ անել, բայց այս պահի դրությամբ «Բարսելոնան» չունի այն կազմը, որով կարող է պայքարել միանգամից երեք ճակատով։ Այդ երիտասարդներին փորձ է պետք, ինչն էլ պահանջում է ժամանակ։ Նրանցից որպես փորձառու միայն կարելի է նշել Սամուել Յումտիտիին, ով իրեն հիանալի դրսևորեց Եվրոպայի առաջնությունում։ Վերջապես, «Բարսելոնան» ունի Պիկեին և Մասկերանոյին արժանի փոխարինող։ Ընդհանրապես, պատմությունը ցույց է տալիս, որ միայն հիմնական կազմում բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեցող թիմերը կարողանում են պայքարել Չեմպիոնների լիգայում և երկրի գավաթում, որովհետև այնտեղ խաղերը թվով ավելի քիչ են, և հանդիպումների օրացույցն ավելի հեշտ է։ Դրա վառ օրինակն «Աթլետիկոն» է, որը հիմնական կազմում ունենալով միայն մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստ՝ կարողացավ հասնել ՉԼ-ի եզրափակիչ։ Իհարկե, «Բարսելոնայի» ֆուտբոլիստների կարգն ու հնարավորությունները անհամեմատելի կերպով շատ ավելի բարձր են։ Սակայն, այդ ֆուտբոլիստների ուժերն էլ անվերջ չեն։ Դա ցույց տվեց նախորդ մրցաշրջանը, երբ «Բարսան» «Վիլյառեալի» հետ ոչ-ոքիից ու «Ռեալից» կրած պարտությունից հետո սկսեց տեղի տալ, կորցրեց 11 միավոր ու հազիվհազ դարձավ չեմպիոն։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ «Բարսելոնային» չի հաջողվի այս մրցաշրջանում դառնալ Պրիմերայի հաղթող։

«Աթլետիկո»

«Աթլետիկոյի» դեպքում, հարցն ավելի լուրջ է, քանի որ բացի այն, որ թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թոփ մակարդակի ֆուտբոլիստներ ձեռք չի բերել, նախկին հաղթական կազմի խաղացողներն էլ արդեն վաղուց երիտասարդ չեն։ Տորեսը 32 տարեկան է, Գոդինը, Ֆելիպե Լուիշն ու Խուանֆրանը համապատասխանաբար 30 և 31։ Իհարկե, Սիմեոնեն քաղում է ֆուտբոլիստներից առավելագույնը։ Իհարկե, թիմն ունի Գրիզմանին, ով խաղ առ խաղ ավելացնում է, և աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է։ Սակայն ակումբը չի գնում ֆուտբոլիստների, ովքեր լրջորեն կուժեղացնեն թիմը։ Նիկոլաս Գայտանի տրանսֆերը միգուցե ֆանտաստիկ ձեռքբերում կլիներ գերմանական «Բայերի» համար, բայց ոչ «Աթլետիկոյի»։ 28-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի մեծ մասն անց է կացրել Պորտուգալիայում, և վերջապես կարողացավ տեղափոխվել եվրոպական թոփ ակումբ։ Բայց չի կարելի ասել, որ Պորտուգալիայի առաջնությունում ցուցաբերած արդյունավետությունը մեծ ցուցանիշ է աշխարհի լավագույն երկու լիգաներից մեկի՝ Պրիմերայի համար։ Մանավանդ, որ Գայտանն Արգենտինայի ընտրանու կազմում ուժեղագույն հավաքականների դեմ չի փայլում արդյունավետ գործողություններով, տարիքով էլ երիտասարդ չէ՝ հեռանկարային ձեռքբերում անվանելու համար։ Նույնը կարելի է ասել Գամեիրոյի մասին։ 29-ամյա ֆրանսիացին իր խաղային որակներով շատ նման է «աթլետների» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչին, ում կարիերան մադրիդյան ակումբում չի կարելի ստացված համարել։ Անհասկանալի է նրա և երիտասարդ ու խոստումնալից Լուսիանո Վյետոյի հետ փոխանակումը։ Անկասկած, Սիմեոնեն կանի առավելագույնը, թիմը կրկին կսահմանի բարձր նշաձողեր և կձգտի հասնել լավագույնին, բայց նայելով «Ռեալի» կազմին՝ ինքնըստինքյան թերհավատությամբ ես լցվում, որ «Աթլետիկոյին» կհաջողվի դառնալ չեմպիոն։

«Ռեալ»

5-րդ մրցաշրջանն՝ առանց Պրիմերայի չեմպիոնության:

Մադրիդյան ակումբը վերջին անգամ Պրիմերայի տիտղոսը նվաճել է հեռավոր 2011/12 թթ. մրցաշրջանում, երբ թիմը գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն: Դրանից հետո «սերուցքայինները» երկու անգամ նվաճել են Չեմպիոնների լիգայի գավաթը, մեկ անգամ դարձել են Իսպանիայի գավաթակիր, երկու անգամ էլ տիրացել են ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի: Եվ արդեն 5-րդ մրցաշրջանն է սկսվում, իսկ մադրիդյան ակումբի երկրպագուները ցանկանում են կրկին առաջինը լինել ներքին առաջնությունում և ողջ Իսպանիան նորից սպիտակ ներկել: Վերջիվերջո, հինգ տարի չեմպիոն չդառնալու ժամանակահատվածը աշխարհի երեք լավագույն ակումբներից մեկի համար շատ մեծ է։ Դա նաև հասկանում է թիմի ղեկավարությունը, և, ըստ իս, Զինեդին Զիդանի առջև այս մրցաշրջանում կոնկրետ խնդիր է դրված՝ դառնալ Պրիմերայի չեմպիոն: Իհարկե, միայն ցանկությունը բավարար չէ, կան այլ պատճառներ ու հանգամանքներ, որոնք հաշվի առնելով, հակված եմ նման կարծիքի:

Զիդան

Պատճառներից գլխավորը՝ Զինեդին Զիդանն է: Ֆրանսիացին, կարելի է ասել, չունենալով մեծ փորձ՝ ռիսկի դիմեց և գլխավորեց անդունդի եզրին գտնվող, Բենիտեսի թողած «Ռեալին», որը չուներ մարտավարություն, կազմակերպված խաղ, կոնկրետ նպատակ և թիմում լավ մթնոլորտ: Զիդանի գլխավորելուց հետո այդ ամենը կարգավորվեց, «Ռեալը» սկսեց լրիվ այլ ֆուտբոլ ցուցադրել, վերգտավ իր խաղը, թիմում փոխվեց մթնոլորտը, ֆուտբոլիստները սկսեցին հավատալ իրենց ուժերին և մարզչին: «Ռեալը» դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող, և մրցաշրջանի արդյունքով մեկ միավորով զիջեց չեմպիոն «Բարսելոնային»։ Գուցե, Զիդանին նաև օգնեց իր հեղինակությունն ու խարիզման։ Սակայն նվաճածն ամրապնդելու և ապացուցելու համար, որ այդ հաջողությունները ոչ միայն իր անվան ու հարգանքի շնորհիվ էին, այլև լավ մարզչական որակների, Զիդանը կձգտի չեմպիոն դառնալ արդեն Լա լիգայում։ Նա առաջին անգամ է «Ռեալին» նախապատրաստում մրցաշրջանի, և ֆուտբոլիստների ընտրությունն արդեն իրենն է։ Այնպես որ, Զիդանի մոտիվացիան ևս կարևոր է, բացի այն, որ նրա առջև այսպես թե այնպես, առաջադրանք արդեն դրված է։

Կազմ + տրանսֆերներ

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 11-րդ գավաթը նվաճելուց հետո պահպանել է կազմը: Ճիշտ է՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ֆլորենտինո Պերեսը մնացած տարիների համեմատ այդքան էլ ակտիվ չէր, բայց կարծես նա ձեռք բերեց այն ֆուտբոլիստին, ում պակասն ուներ ակումբը: Մադրիդյան թիմը «Յուվենթուսից» հետ գնեց Ալվարո Մորատայի տրանսֆերը: Չիչարիտոյի հեռանալուց հետո նախորդ մրցաշրջանում նկատելի էր, որ «Ռեալին» միայն երկրորդ հարձակվող էր հարկավոր, ով արժանիորեն կփոխարիներ Բենզեմային, իսկ պետք եղած ժամանակ խաղադաշտ դուրս կգար ու կորոշեր խաղի ելքը: Այս դեպքում՝ Մորատան բացի փոխարինելը՝ հետագայում անգամ կարող է հաղթել մրցակցությունում և մեկնարկային կազմից դուրս թողնել 29-ամյա ֆրանսիացուն, ում տեղը Հիգուայինի գնալուց հետո ապահովագրված էր: Մորատան ավելի երիտասարդ է, հեռանկարային: Նա «Յուվենթուսի» ու Իսպանիայի հավաքականի կազմում իր հաջող և արդյունավետ խաղով ապացուցեց իր բարձր կարգը:

Նաև մեկ տարի վարձավճարով «Մոնակոյում» խաղալուց հետո վերադարձել է Ֆաբիո Կոենտրաուն, ով Մարսելոյին փոխարինողը կլինի, ինչպես և նախկինում էր: Նախորդ մրցաշրջանում Զինեդին Զիդանն Ալվարո Արբելոային, ում պայմանագիրն ավարտվել է, որոշ խաղերում ստիպված խաղացնում էր Մարսելոյի փոխարեն՝ չունենալով այլընտրանք, իսկ իսպանացու դիրքն աջ եզրն էր: Հիմա այդ օղակում ևս փոխարինող կա՝ չնայած Կոենտրաուն այս տարի շատ քիչ հանդիպումներ է անցկացրել վնասվածքի պատճառով և բաց թողել Եվրոպայի առաջնությունը: Ըստ վերջին նորությունների՝ Զիդանը վստահում է պորտուգալացի պաշտպանին, և վերջինս այս ամռանը չի հեռանա ակումբից: «Ռեալը» վաճառեց Խեսեին, բայց թիմ է վերադարձել 20-ամյա կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ով հիանալի մրցաշրջան անցկացրեց «Էսպանյոլում», իսկ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի «Սևիլիայի» դեմ խաղում դարձավ փայլուն գոլի հեղինակ: Այս ամենից հետո այդքան էլ նկատելի չէ Խեսեի վաճառքը, քանզի թիմն ունի արժանի փոխարինող, որին Զիդանը վստահում է: Բացի այդ, չի բացառվում, որ «Ռեալը» մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը նոր ֆուտբոլիստներ ձեռք կբերի:

Վերջաբան

«Ռեալը» Բենիտեսի գլխավորութամբ նախորդ մրցաշրջանի առաջին կեսում շատ միավորներ կորցրեց, ինչն այս տարի դժվար կրկնվի, և կայուն խաղի դեպքում՝ Զիդանին ավելի հեշտ կլիներ հասնել չեմպիոնությունը, ինչի հնարավորությունը նա հունվար ամսին գլխավորելուց չուներ։ Նման փորձառու և երիտասարդ ֆուտբոլիստների համադրություն ունեցող «Ռեալը», իմ կարծիքով, Պրիմերայի ֆավորիտն է: Մրցաշրջանը երկար է, և տարբեր ֆուտբոլիստներ կարող են որակազրկումներ ու վնասվածքներ ստանալ։ Իսկ «Ռեալը» մնացյալ թիմերի համեմատ ունի երկար պահեստային նստարան՝ բարձր կարգի ֆուտբոլիստներով, և կկարողանա դիմանալ և պայքարել մինչև վերջ՝ բաղձալի արդյունքին հասնելու համար: Թիմը պահպանել է իր բոլոր առաջատարներին, ունի մեծ հեռանկար ունեցող մարզիչ, և կան բոլոր նախադրյալները՝ 33-րդ անգամ չեմպիոն դառնալու համար:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա
19:00/21 մյս
2016/17 թթ. մրցաշրջան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ