Եվրո-2016-ի կանխատեսում․ Անցում 1/4 եզրափակիչ․ Ուելս — Հյուսիսային Իռլանդիա, Գերմանիա — Սլովակիա

20:00, 26 հնս 2016
Եվրոպայի 2016 թվականի առաջնության խմբային փուլը, որը լի էր անակնկալներով, արդեն անցյալում է։ Շուտով կմեկնարկի մրցաշարի 1/8 եզրափակիչը։ Ժամանակն է քննարկել թիմերի հաջորդ փուլ դուրս գալու շանսերը։ Այս նյութում կդիտարկենք Ուելս — Հյուսիսային Իռլանդիա և Գերմանիա — Սլովակիա զույգերի մասին։

Ուելս — Հյուսիսային Իռլանդիա

Ուելսը խմբային փուլում դարձավ Եվրո-2016-ի գլխավոր հայտնություններից մեկը։ Գարեթ Բեյլի գործոնն այդ հարցում շատ մեծ էր։ «Ռեալի» հարձակվողն առաջնորդում էր իր հավաքականին, մեկը մյուսի հետևից գեղեցիկ գոլեր խփում։

Արդյունքում Ուելսի հավաքականը, որն առաջին անգամ է մասնակցում մայրցամաքի առաջնությանը, խմբից դուրս եկավ առաջին հորիզոնականով, մինչդեռ Եվրոյից առաջ բոլորը խոսում էին ենթախմբում Անգլիայի ֆավորիտ լինելու մասին։

Առաջին տուրում ուելսցիները Բեյլի հրաշալի խաղի շնորհիվ 2։1 հաշվով հաղթեցին Սլովակիայի ընտրանուն։ Հաջորդիվ B խմբում ֆուտբոլասերներին բրիտանական դերբի էր սպասվում՝ Անգլիա — Ուելս։ Երկրորդ տուրի այդ խաղում Բեյլը կրկին տուգանայինից կատարած հարվածով առաջ մղեց իր թիմին, բայց Վարդիի, ապա խաղավերջում նաև Սթարիջի խփած գոլերը Ռոյ Հոջսոնի թիմին հաղթանակ պարգևեցին։ Սա, ինչպես հետագայում պարզվեց, Ուելսի առաջին և միակ միավորների կորուստն էր խմբային փուլում։ Երրորդ տուրում Ուելսը գրանցեց մրցաշարի եզակի խոշոր հաշիվներից մեկը՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով Ռուսաստանի հավաքականի դարպասը։ Արդյունքում 6 խփած, 3 բաց թողած գնդակ, 2 հաղթանակ, 1 պարտություն, 6 միավոր և խմբում առաջին հորիզոնական։ Համաձայնեք՝ Ուելսի նման համեստ հավաքականի համար սա Եվրոպայի առաջնությունում տպավորիչ դեբյուտ է։

Իհարկե, առաջին հերթին այս թիմում պետք է առանձնացնել Գարեթ Բեյլին։ Ուելսցին խփած 3 գնդակով Եվրոյի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է։ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին, նույնպես, հաջող անցկացրեց խմբային փուլը։ Նա իր անվան դիմաց 1 գոլ և 2 գոլային փոխանցում գրանցեց։

Ընդհանուր առմամբ Ուելսի հավաքականը խմբային փուլում հաճելի տպավորություն թողեց և իր խաղով գերեց շատերին։ Բեյլի տաղանդի, թիմային խաղի և մոտիվացիայի շնորհիվ բրիտանական հավաքականը փլեյ-օֆֆում վատ շանսեր չունի, մանավանդ, որ մրցակիցը եվրոպական ֆուտբոլի գրանդ չէ։

Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին շատերը մրցաշարից առաջ համարում էին 24 թիմերից ամենաթույլը։ Հյուսիսի բնակիչները շանսեր գրեթե չունեին, եթե հաշվի առնենք, որ խմբում ստացել էին Գերմանիայի, Լեհաստանի և Ուկրաինայի նման մրցակիցներ։ Այս երեքը կարգով ու ֆուտբոլիստների մակարդակով բարձր են հյուսիսիռլանդացիներից, բայց Մայքլ Օնիլն այլ պլաններ ուներ։

Առաջին տուրում հյուսիսիռլանդացիները հանդիպեցին լեհերին։ Օնիլի ֆուտբոլիստները խաղադաշտում առանձնապես ոչնչով աչքի չընկան, բացի համախմբված պաշտպանությունից, ինչի շնորհիվ լեհերին պարտվեցին ընդամենը 1 գնդակի տարբերությամբ։ Երկրորդ տուրում հյուսիսիռլանդացիները ֆուտբոլային Եվրոպայի համար անակնկալ էին պատրաստել։ Բրիտանական համեստ ընտրանին կրկին տպավորիչ խաղով աչքի չընկավ, բայց, իրացնելով ստեղծած վտանգավոր պահերը, կարողացավ 2 անպատասխան գնդակ ուղարկել Ուկրաինայի դարպասը։ Վերջին՝ երրորդ տուրում կրկնվեց առաջին տուրի պատմությունը. հյուսիսիռլանդացիները վստահելի պաշտպանության շնորհիվ ընդամենը 1 գնդակ բաց թողեցին աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականից։ Արդյունքում 2 խփած, 2 բաց թողած գնդակ, 2 պարտություն, 1 հաղթանակ, 3 միավոր և խմբում երրորդ հորիզոնական։ Լրացուցիչ ցուցանիշներով հյուսիսիռլանդացիները գերազանցեցին թուրքերին ու ալբանացիներին, ինչը բավարար էր փլեյ-օֆֆում հայտնվելու և սեփական երկրպագուներին ուրախացնելու համար։

Հյուսիսային Իռլանդիայի հաջորդ փուլ անցնելն, իրոք, անակնկալ էր, մանավանդ, որ տպավորիչ ոչինչ Օնիլի թիմը խմբային փուլում ցույց չտվեց։ Կարող ենք առանձնացնել միայն կազմակերպված պաշտպանությունը։ Չէ՞ որ համեստ բրիտանացիները Գերմանիայի և Լեհաստանի կարգի հզոր հավաքականների դեմ ընդամենը 2 գնդակ ընդունեցին սեփական դարպասը։

Հաշվի առնելով Ուելսի ավելի բարձր կարգը, խմբային փուլում ցուցադրած վստահ խաղն ու Բեյլի առկայությունը, կարծում եմ, որ քառորդ եզրափակչի ուղեգիր կնվաճեն հենց ուելսցիները։ Հյուսիսային Իռլանդիայի համար փլեյ-օֆֆում հայտնվելն արդեն մեծ նվաճում է, իսկ Ուելսը դեռ կարող է զարմացնել ու հետաքրքիր պահեր պարգևել երկրպագուներին։ Հյուսիսիռլանդացիները հավաքում են ճամպրուկները, իսկ Բեյլն ընկերների հետ շարունակում է մնալ Ֆրանսիայում։

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
20:00/25 հնս
Ուելս - Հյուսիսային Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Գերմանիա — Սլովակիա

Աշխարհի գործող չեմպիոնները համարվում են ընթացիկ Եվրոյի գլխավոր ֆավորիտներից մեկը, բայց, անկեղծ ասած, խմբային փուլում առանձնապես չտպավորեցին։ Երկու համեստ հաղթանակ Ուկրաինայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների նկատմամբ, ոչ-ոքի լեհերի դեմ։ Համաձայնեք՝ աշխարհի չեմպիոնների համար սա տպավորիչ ցուցանիշ չէ, բայց, ինչպես ասում են, կարևորն արդյունքն է։ Միգուցե Յոահիմ Լյովն այդպե՞ս էր պլանավորել, և փլեյ-օֆֆում նրա թիմը կտրուկ կավելացնի։ Համենայնդեպս, Բունդեսթիմից սպասելիքները շատ են։

Լյովի ֆուտբոլիստներից խմբային փուլում առավել աչքի ընկան Օզիլը, Կրոսն ու ողջ պաշտպանությունը։ Պատահական չէ, որ Գերմանիան մրցաշարի այն 2 թիմերից մեկն է (Լեհաստանի հետ միասին), որը խմբային փուլում գոլ բաց չի թողել։ Նոյերն իր բարձրության վրա էր, իսկ պաշտպանները ոչ միայն հստակ էին կատարում իրենց պարտականությունները, այլ նաև հասցնում էին օգնել հարձակվողներին։ Առայժմ ստվերում է Թոմաս Մյուլլերը, ով չնայած 1 գոլային փոխանցում է կատարել, բայց դեռ գոլով աչքի չի ընկել։ Մյուլլերից գերմանացիների սպասելիքները մեծ են։

Ճիշտ է, գերմանացիներն այքան էլ չտպավորեցին, բայց վստահ տեսք ունեին։ Երևում էր, որ Լյովի թիմն ավելացնելու տեղ ունի։ Գերմանիայի հավաքականը միշտ էլ առանձնացել է խաղային կարգապահությամբ։ Խաղային բոլոր ամպուլաներում գործում են առաջին մեծության աստղեր։ Ավելորդ է նշել, որ սլովակների դեմ 1/8 եզրափակչի դիմակայությունում ֆավորիտն աշխարհի չեմպիոններն են։

Սլովակները խմբային փուլում հաճելի տպավորություն թողեցին։ Կար թիմ, կար թիմային խաղ, և կային բարձրակարգ կատարողներ՝ ի դեմս Համշիկի և Վլադիմիր Վայսի։ Մեկնարկային խաղում Կոզակի սաները 1։2 հաշվով զիջեցին Ուելսին, այնուհետև նույն հաշվով հաղթեցին Ռուսաստանի ընտրանուն։ Այդ խաղում «Նապոլիի» և Սլովակիայի հավաքականի կիսապաշտպան Մարեկ Համշիկը խփեց այս Եվրոյի ամենագեղեցիկ գոլերից մեկը։ Երրորդ տուրում սլովակներին սպասում էր Ռոյ Հոջսոնի գլխավորած Անգլիայի հավաքականը, բայց մրցաշարային իրավիճակն այնպիսին էր, որ երկու կողմերին էլ ոչ-ոքի արդյունքը բավարարում էր։ Արդյունքում գոլազուրկ ոչ-ոքի, և սլովակները B խմբում 4 միավորով գրավեցին երրորդ հորիզոնականը՝ զիջելով Ուելսին և Անգլիային։ Նրանք երրորդ տեղ գրաված թիմերի միջև լավագույն արդյունքն ունեին, ինչի շնորհիվ հայտնվեցին փլեյ-օֆֆում, չնայած մրցաշարից առաջ բուքմեյքերները B խմբում ամենաքիչը հենց սլովակներին էին հավատում:

Ամփոփելով սլովակների մասնակցությամբ խմբային փուլն ավելացնեմ, որ թիմում առանձնացան Վլադիմիր Վայսն ու Մարեկ Համշիկը, ովքեր իրենց վրա էին վերցնել առջևի գծում ընթացող կազմակերպչական աշխատանքները։ Պաշտպանական գիծն ու դարպասապահ Կոզաչիկը նույնպես վատ տպավորություն չթողեցին։

Հաշվի առնելով գերմանացիների անհամեմատ ավելի բարձր կարգը, ֆուտբոլիստների անհատական վարպետությունը, ինչպես նաև խոշոր մրցաշարերում հանդես գալու փորձը, կարծում եմ, որ Բունդեսթիմը կանցնի քառորդ եզրափակիչ։ Սլովակիան պատրաստ չէ Գերմանիային դուրս թողել պայքարից։ Դեպքերի նման զարգացման դեպքում Լյովը հայրենիքում մեծ քննադատության կենթարկվի, քանի որ այդքան վաղ Եվրոն լքելը Բունդեսթիմի համար կատարյալ ձախողում է։ Գերմանացի ֆուտբոլիստները դա քաջ գիտակցում են, հետևաբար թույլ չեն տա, որպեսզի նման բան լինի։ Գերմանիան կշարունակի պայքարը, իսկ սլովակները կվերադառնան հայրենիք։

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
20:00/26 հնս
Գերմանիա - Սլովակիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ