Թենիսի հիմնական կանոնները
Բովանդակություն
Թենիսի կանոնների պատմությունը
«Լուան թենիս»․ ահա այսպիսին էր վերոնշյալ սպորտաձևի սկզբնական անվանումը, որն այժմ բոլորը գիտեն որպես թենիս: Խաղի և թենիսի կանոնների մասին առաջին հիշատակումները եղել են 19-րդ դարի երկրորդ կեսին, իսկ դրանց ի հայտ գալուն նախորդել են նմանատիպ մրցախաղերը, որոնք անցկացվում էին բացառապես փակ տարածքում։
Հատկանշական է, որ թենիսն իր սկզբնական տեսքով թիմային խաղ էր։ Հայտնի է, որ կորտում կարող էին լինել միաժամանակ մինչև 12 մարզիկներ՝ «զինված» ռակետով, իսկ խաղադաշտը կիսվում էր կորտից բարձր բարձրացված ցանցով։
Ամենատարածված վարկածի համաձայն՝ թենիսի հիմնադիրը Ուոլթեր Ուինգֆիլդն է։ Այս ուելսցու մոտ միտք է հղացել թենիսի հանդիպումներ անցկացնել Ուելսում գտնվող պալատում իր հյուրերի համար կազմակերպած ընդունելությունների ժամանակ։
1873 թվականին Ուինգֆիլդը հրապարակում է մեծ թենիսի առաջին կանոնները, որոնք հիմնված էին բադմինտոնի կանոնակարգի վրա.
- խաղն անցկացվում է մինչև 15 միավորի վաստակումը
- ցանցը գտնվում է ավելի քան մեկուկես մետր բարձրության վրա
Երկու տարի անց Ուոլթերի առաջարկած կանոնները զգալի փոփոխություններ կրեցին։ Դրանք տեղի ունեցան Մարիլեբոնի կրիկետի ակումբում, իսկ երկու տարի անց, նոր կանոնակարգի հիման վրա, Ուիմբլդոնում անցկացվեց առաջին վիճակահանությունը, որը թենիսի ամենահին մրցաշարն է։
«Լաուն թենիսը» տարածում գտավ նաև օվկիանոսից այն կողմ: Կան ապացույցներ, որ 1874 թվականին Արիզոնայում ակտիվորեն կիրառվել են Ուոլթեր Ուինգֆիլդի թենիսի կանոնները, իսկ որոշ ժամանակ անց նաև Նյու Յորքում թենիսի կորտ է կառուցվել բեյսբոլի դաշտի հիման վրա։
Մինչև 19-րդ դարի վերջը թենիսն արագորեն մեծ տարածում գտավ ամբողջ աշխարհում: Մրցախաղերը սկսեցին ակտիվորեն անցկացվել ոչ միայն Եվրոպայում, այլև Հնդկաստանում, Բրազիլիայում, Եգիպտոսում և Հարավային Աֆրիկայում։
1913 թվականի մարտի 1-ին ստեղծվեց Թենիսի միջազգային ֆեդերացիան, որը սահմանեց այս մարզաձևի ընդհանուր կանոնները։ Ստանալով թենիսի կանոնները մշակելու և փոխելու իրավասություն՝ ITF-ն աստիճանաբար ընդհանուր հայտարարի տակ բերեց խաղի անցկացման կանոնակարգերը, որոնք այսօր օգտագործվում են:
Թենիսը պրոֆեսիոնալ կարգավիճակ է ստացել 1920 թվականին։ Այդ պահից սկսած մարզիկներն ակտիվորեն մասնակցել են տարբեր կարգերի մրցաշարերի՝ իրենց հաջողությունների համար ստանալով դրամական պարգևներ։
Հատկապես պահանջված են եղել ցուցադրական իրադարձությունները, որոնք անցկացվում էին արիստոկրատ հանդիսատեսի առջև, ովքեր ծախսեր չէին խնայում խաղացողներին խրախուսելու համար: Լեգենդար ֆրանսուհի Սյուզան Լենգլենը, որի պատվին անվանվել է «Ռոլան Գարոսի» կենտրոնական կորտը, դարձել է պրոֆեսիոնալ պայմանագրով առաջին թենիսիստուհին։
Հարուստ հանրության վրա տպավորություն թողնելուց հետո Սյուզանը պարբերաբար մասնակցում է կոմերցիոն մրցախաղերի, իսկ նրան հովանավորում է նշանավոր գործարար Չարլզ Փայլը, որը նաև փորձում է իրեն շրջապատել այլ հայտնի թենիսիստներով։
Մեծ թենիսի կանոնները․ համառոտ և հասկանալի
Թենիսիստի հիմնական խնդիրն է ռակետի միջոցով գնդակն ուղարկել մրցակցի կիսադաշտը, որպեսզի նա չկարողանա հետ մղել այն: Եթե խաղացողը հանդես է գալիս հարվածողի դերում, ապա նրա պարտականությունն է գնդակն ուղարկել քառակուսու մեջ, որը գտնվում է մրցակցի կողմում՝ անկյունագծով:
Ընդունող թենիսիստը, մրցակցի մատուցումից հետո, պետք է հարվածի գնդակին այնպես, որ այն անցնի ցանցի վրայով և իջնի հակառակ դաշտում՝ չհատելով դրա սահմանները։ Գնդակի խաղարկումից հետո խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև թենիսիստներից մեկը սխալվի։
Ի՞նչն է համարվում սխալ․
- մատուցման ձախողում երկու փորձից
- գնդակը հարվածից հետո վայրէջք է կատարում հրապարակից դուրս
- գնդակը հրապարակում երկու անգամ դիպչում է գետնին
- թենիսիստը չի ընդունում մատուցումը, երբ գնդակը դիպել է հրապարակին
- գնդակի դիպչելը ցանցին
Վերոնշյալ սխալներից որևէ մեկը միավոր է շնորհում մրցակցին: Հաշվարկման համակարգի մասին կխոսենք ստորև:
Թենիսի կորտ
Ժամանակակից թենիսի կորտը հագեցած է երկու տեսակի խաղերի համար.
- մենախաղ
- զուգախաղ
Մենախաղի համար օգտագործվում է կորտի ամբողջ երկարությունը, որը կազմում է 23,77 մ։ Լայնությամբ յուրաքանչյուր թենիսիստի համար նախատեսված է 8,23 մ հատված: Այս դեպքում բացառվում են երկու կողային միջանցքները, որոնք օգտագործվում են զուգախաղում, որտեղ հրապարակի ընդհանուր լայնությունը մեծանում է՝ հասնելով մինչև 10,97 մ։
Թենիսի կորտերն ունեն չորս տեսակի ծածկույթ.
- Գրունտային. կորտի ծածկույթի համար օգտագործվում են կարմիր կավե կտորներ: Նման դաշտում գնդակի հետադարձ արագությունը կախված է կավե շերտի բարձրությունից: Որքան հաստ է կավե շերտը, այնքան ավելի դանդաղ է գնդակը հետ ցատկում մակերեսից:
- Խոտածածկ. թենիսի կորտ՝ խոտի ծածկույթից, որը հատուկ խնամք է պահանջում: Օգտագործվում են խոտի հատուկ սորտեր, որոնք աճեցվում են լավ պարարտացված ավազոտ հողի վրա։
- Կոշտ․ կորտի արհեստական ծածկույթ, որը բաղկացած է չորս շերտից՝ հիմքային, սև գույնի ինքնահարթեցնող շերտ, ինքնահարթեցնող գունավոր մաս և վերջնական ծածկույթ։
- Գորգ. օգտագործվում է փակ մրցաշարերում: Հարթակի վրա դրվում է մեկ կտոր պոլիմերային կամ տեքստիլ նյութ, որը մատակարարվում է գլանափաթեթներով:
Վերոնշյալ ծածկույթներից յուրաքանչյուրն ունի հատուկ հատկություններ, որոնք բնութագրում են գնդակի բախումը կորտի հետ: Օրինակ՝ գրունտային հարթակների վրա գնդակը բարձր է ցատկում ծածկույթի փափուկ բարձման պատճառով: Կոշտ և խոտածածկով խաղադաշտերը սովորաբար կոչվում են արագ, քանի որ գնդակն արագանում է հատակի հետ կոնտակտից հետո:
Գոտիներ և տեղեր
Թենիսի կորտը բաղկացած է հետևյալ գոտիներից.
- կորտ, որի վրա անցկացվում է հանդիպումը
- մրցավարի աշտարակ, որտի վրա գտնվում է գլխավոր մրցավարը
- կորտը շրջապատող հարթակ, որտեղ գտնվում են գծային մրցավարները և օգնականները
- տրիբունա՝ հանդիսականների համար
- մարզիկների համար ընդմիջումների ժամանակ հանգստանալու վայրեր
Կորտի վրա գծանշումներ
Թենիսի կորտը ցանցով բաժանված է երկու մասի։ Հարթակի մակարդակից ցանցի բարձրությունը ծածկույթի նկատմամբ նույնը չէ.
- ձողերի մոտ՝ 1,07 մ
- մեջտեղում՝ 0,914 մ
Կորտի յուրաքանչյուր կեսը բաժանված է երեք գոտիների։ Երկու նույնական քառակուսիները գտնվում են ցանցի հետևում: Նրանք ծառայում են հակառակ կողմից կատարված մատուցման ճշգրտությունը որոշելու համար: Եթե գնդակը խաղարկումից հետո վայրէջք է կատարում այսպիսի գոտու սահմաններից դուրս, ապա մատուցումը համարվում է ոչ ճիշտ: Խաղադաշտի մնացած կեսը, որն իր մակերեսով հավասար է ցանցի երկու քառակուսիների գումարին, ծառայում է ամբողջ խաղային գոտին սահմանելու համար, որը գնդակը չպետք է լքի:
Թենիսի կորտի երկայնքով կան նաև միջանցքներ։ Դրանք օգտագործվում են զուգախաղում՝ կորտն ընդլայնելու նպատակով։ Մենախաղում միջանցնքները համարվում են դաշտի ոչ ակտիվ հատված, ուր գնդակի հայտնվելը համարվում է աութ:
Խաղի իմաստը և նպատակը
Նրանց համար, ովքեր դեռ հեռու են թենիսից և նոր են ծանոթանում այս մարզաձևին, հիշեցնենք՝ թենիսի մրցախաղում հաղթող է ճանաչվում այն խաղացողը, ով առաջինը հաղթում է երկու սեթում։ Բացառություն են կազմում տղամարդկանց «Մեծ սաղավարտի» և Դևիսի գավաթի մրցաշարերը, որտեղ խաղն անցկացվում է մինչև երեք սեթում հաղթանակը։
Թենիսիստների խնդիրն է միավորներ հավաքել խաղարկությունում, ապա հաղթել գեյմում և արդյունքում՝ սեթում։ Մինչև հանդիպման մեկնարկը մարզիկները վիճակահանությամբ որոշում են, թե ով է առաջինը մատուցելու գնդակը, իսկ ով՝ ընդունելու։
Սեթում հաղթանակը շնորհվում է այն թենիսիստին, ով առաջինը հաղթում է 6 գեյմում, պայմանով, որ նա հաշվով նվազագույնը երկու գեյմի առավելություն ունի մրցակցի նկատմամբ։ Եթե հանդիպման հաշիվը 6:6 է, ապա խաղարկվում է թայբրեյք: 13-րդ գեյմում մրցակիցները բալեր են վաստակում մատուցման և վերադարձի ժամանակ միավորներ հաղթելու համար: Խաղը շարունակվում է մինչև 7 միավորով հաղթանակը՝ պայմանով, որ առաջատարը երկու միավորի առավելություն կունենա։ Սահմանելով ոչ-ոքի 6:6՝ թենիսիստները խաղում են այնքան ժամանակ, մինչև որ նրանցից մեկը երկու միավորով գերազանցի մրցակցին։
Ինչպես է կատարվում միավորների հաշվարկը
Թենիսի գեյմերում միավորները հաշվարկվում են հետևյալ սխեմայով. 0, 15, 30 և 40: Իր կամ մրցակցի մատուցումը վերցնելու համար մարզիկը պետք է հաղթի չորս խաղարկությունում: Այն իրավիճակներում, երբ ցուցատախտակի վրա հաշիվը 40:40 է (երկու մասնակիցներն էլ հաղթել են երեքական խաղարկությունում), սկսվում է «շատ — քիչ»-ի վրա խաղը: Մրցակցի նկատմամբ առավելության հասնելով (շատ)՝ խաղացողը պետք է հաստատի դա: Հակառակ դեպքում հաշիվը կրկին հավասար է դառնում։
Նշենք, որ զուգախաղի համար թենիսի 2-ը 2-ի կանոններում չկա «շատ — քիչ» կանոնը: Երբ խաղի հաշիվը հավասար է, հաղթողը որոշվում է մեկ խաղարկությունում: Այս կանոնը չի տարածվում «Մեծ սաղավարտի» և Դևիսի գավաթի մրցաշարերի վրա։
Թենիսի գնդակ
Թենիսի գնդակի տրամագիծը 6,7 սմ է։ Այն ներկված է դասական վառ դեղին գույնով։ Դրա արտադրության համար օգտագործվում է ֆետր, որը երկու մասից սոսնձվում է ռետինե հիմքի վրա և ամրացվում սպիտակ ժապավենով։
Նաև պետք է գնդակը համապատասխանի հետևյալ չափանիշներին.
- թեթև դեֆորմացիա 8,165 կգ ճնշման դեպքում
- կորտից 2,54 մետր բարձրությունից ընկնելիս պետք է հետ ցատկի՝ 135-ից 147 սմ
- քաշը – 57,6 գ
Թենիսիստներ
Որպես կանոն, պրոֆեսիոնալ թենիսիստ դառնում են 16-17 տարեկանը լրացած մարզիկները։ Դրանից առաջ խաղացողները հայտավորված են լինում պատանեկան մրցաշարերում:
Պրոֆեսիոնալ տուր մտնելիս խաղացողը ստանում է անհատական նույնացուցիչ, որը հավաքած միավորների հիման վրա որոշում է նրա տեղը վարկանիշում.
- ATP – տղամարդկանց մենախաղ
- WTA – կանանց մենախաղ
- զուգախաղերի վարկանիշ (տղամարդկանց, կանանց և խառը)
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի հաղթող դարձած ամենաերիտասարդ թենիսիստը Փիթ Սամփրասն է։ 19 տարեկան 28 օրականում ամերիկացին 1990 թվականին հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում՝ եզրափակիչում առավելության հասնելով Անդրե Աղասիի նկատմամբ։
Եվս մեկ հետաքրքիր փաստ․ գործող թենիսիստ Ռաֆայել Նադալը ստացել է «Գրունտի արքա» մականունը՝ «Ռոլան Գարոսի» կորտերում իր գերակայության շնորհիվ, որտեղ նա արդեն նվաճել է 14 մենախաղի տիտղոս։ Դրանցից առաջինը 2005 թվականին, երբ իսպանացին ընդամենը 19 տարեկան էր։
Համազգեստ
Տղամարդկանց թենիսի համազգեստը բաղկացած է մարզաշապիկից և շորտերից։ Մարզիկները կարող են դրանց ձևաչափը որոշել ըստ իրենց ցանկության՝ երկար, կարճ, թևերով կամ առանց:
Կանայք հիմնականում շապիկներից բացի, հագնում են կիսաշրջազգեստ, իսկ ավելի հազվադեպ՝ լեգինսներ։ Թենիսիստները նաև կրում են ձեռքի ժապավեն, գլխարկ կամ գլխակապ: Հատուկ ուշադրություն է դարձվում կոշիկներին։ Սպորտային կոշիկներն ընտրվում են՝ ելնելով կորտի ծածկույթից, եղանակից և այլ գործոններից։
Թենիսիստի հիմնական գործիքը ռակետն է։ Մարզիկները շատ ուշադիր են մոտենում այս սարքավորումների ընտրությանը` հաշվի առնելով հետևյալ գործոնները.
- քաշ
- բռնակի ծածկույթ
- լարերի լարվածություն
Հանդիպման ընթացքում թենիսիստը կարող է մի քանի անգամ փոխել իր ռակետը։ Ռակետները դասակարգվում են ըստ գլխի չափի, որը որոշում է հարվածի մակերեսը քառակուսի սանտիմետրերով.
- Ստանդարտ․ 426
- Միջին․ 452–574
- Միջին+ 580–677
- Մեծ․ 710–742
- Շատ մեծ․ 748–871
Խաղային ընթացք
Այս բլոկում մենք մանրամասն կվերլուծենք, թե ինչպիսին է թենիսի հանդիպման խաղային ընթացքը՝ հաշվի առնելով այժմ գործող կանոնները: Մինչև իրադարձության մեկնարկը մասնակիցները վիճակահանություն են անում. հաղթողն իրավունք է ստանում ընտրելու՝ առաջինը մատուցե՞լ, թե՞ ընդունել:
Գնդակի մուտքը խաղի մեջ (մատուցում)
Մատուցում կատարելիս թենիսիստը պետք է դիրքավորվի կորտի իր կիսադաշտի հետևի գծում: Նրա խնդիրն է գնդակը վեր նետել և հարվածել այնպես, որ այն վայրէջք կատարի մրցակցի դաշտի հատվածում՝ նրանից անկյունագծով գտնվող քառակուսու վրա: Եթե գնդակը դիպչում է գծին, ապա մատուցումը հաշվում է:
Թենիսիստին մատուցման երկու փորձ է տրվում։ Եթե դրանցից ոչ մեկը հաջող չի լինում, միավորը տրվում է մրցակցին: Մատուցումը համարվում է սխալ, եթե՝
- գնդակը հարվածից հետո հպվել է ցանցին
- գնդակը քառակուսու մեջ չի վայրէջք կատարել
- գնդակը դիպել է կառանին ու ընկել գոտուց դուրս
Ի դեպ, եթե ցանցի կառանին դիպչելուց հետո գնդակը թռչում է մրցակցի կիսադաշտ և ընկնում քառակուսու վրա, խաղացողը կրկնում է մատուցման փորձը առանց տուգանքի:
Գնդակի ընդունում
Ընդունող թենիսիստի խնդիրն է գնդակը վերադարձնել կորտի՝ մրցակցի կիսադաշտ այն բանից հետո, երբ այն մեկ անգամ դիպչել է խաղադաշտին: Կախված մատուցման ոճից, ծածկույթից և մրցակցի կատարած փորձից՝ ընդունող խաղացողը կարող է զբաղեցնել տարբեր դիրքեր՝ գտնվել հետին գծից որոշակի հեռավորության վրա կամ խորանալ առաջ:
Եթե գնդակը հաջողությամբ ընդունվի, կորտում կսկսվի խաղարկությունը, որի ժամանակ մրցակիցները փոխանակվում են հարվածներով այնքան ժամանակ, մինչև ինչ-որ մեկը սխալվի:
Գնդակը դիպել է ցանցին
Եթե խաղարկության (հարվածների փոխանակման) ժամանակ գնդակը դիպչում է ցանցին, ապա այդ հարվածը կատարած թենիսիստը միավոր է տալիս մրցակցին։
Երբ ցանցին գնդակը դիպչում է մատուցման առաջին փորձի ժամանակ, խաղացողը երկրորդ հնարավորության իրավունք է ստանում: Եթե իրավիճակը կրկնվում է, ապա մրցակցին միավոր է տրվում:
Հաշիվը թենիսում
Թենիսի խաղի հաշիվը սահմանվում է մի քանի չափորոշիչներով․
- Գեյմ․ մինչև երեք խաղարկությունում հաղթանակ՝ սկսած զրոյից: Առաջին հաղթանակի ժամանակ ցուցատախտակի վրա հաշիվը կլինի 15:0, ապա 30:0 և 40:0: Հավասար 40:40 հաշիվն ակտիվացնում է «շատ — քիչ» կանոնը։
- Սեթ․ ավարտվում է, երբ թենիսիստներից մեկն առաջինը հաղթում է 6 գեյմում և միևնույն ժամանակ նա երկու կամ ավելի գեյմի առավելություն ունի մրցակցի նկատմամբ: Օրինակ՝ 6։4, 6։3, 6։2։ 5։5 հաշվի դեպքում թենիսիստները կատարում են մեկական մատուցում՝ հաղթողին որոշելու համար (7։5 կամ 5։7), իսկ 6։6 հաշիվը խաղը տեղափոխում է թայբրեյք։
Հանդիպում․ մինչև երկու սեթում հաղթանակ։ Հինգ սեթից բաղկացած իրադարձությունները (մինչև 3 սեթում հաղթանակ) անցկացվում են տղամարդկանց «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում և Դևիսի գավաթում:
Վիճելի իրավիճակներ
Թենիսում պարբերաբար վիճելի իրավիճակներ են տեղի ունենում: Ամենի մեղավորը մարդկային գործոնն է, քանի որ դինամիկայի մեջ գծային և կողային մրցավարները ոչ միշտ են ճիշտ որոշում գնդակի անկումը (ճիշտ հատվածում էր կամ աութ):
Գրունտային ծածկույթով մրցաշարերում կիրառվում է պրակտիկա, երբ թենիսիստն աշտարակից կանչում է գլխավոր մրցավարին, որպեսզի վերջինս որոշի գնդակի ընկնելու հետքը։ Նաև հեղինակավոր մրցաշարերում ակտիվորեն կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք ավտոմատ կերպով գրանցում են գնդակի ընկնելու վայրը։ Ի դեպ, կոշտ ծածկույթներով որոշ մրցաշարերում գծային ու կողային մրցավարներն իսպառ բացակայում են կորտից. ամեն ինչ որոշում է համակարգիչը:
Հեղինակավոր մրցաշարերում թենիսիստը կարող է պահանջել կրկնապատկեր: Մեկ սեթի ընթացքում հնարավորություն կա մրցավարին մեկ-երկու անգամ խնդրել էկրանին հեռարձակել գնդակի հետագծի և վայրէջքի գրաֆիկական տեսանյութը:
Ընդմիջումներ, թայմ-աուտներ
Յուրաքանչյուր երեք գեյմի խաղարկումից հետո թենիսիստները մեկ րոպե ունեն իրենց գոտում հանգստանալու համար, որտեղ նրանք ունեն աթոռ, ջուր և անհատական գույք։
Սեթերի միջև ընդմիջումները կարող են տևել մինչև 3-5 րոպե՝ կախված մրցաշարից և մարզիկների՝ կորտ դուրս գալու պատրաստակամությունից:
Խաղի ընթացքում մրցակիցը կարող է նաև խնդրել գնալ զուգարան կամ վերցնել բժշկական թայմ-աութ:
Կողմերի փոփոխություն
Թենիսում կողմերը փոխվում են յուրաքանչյուր կենտ գեյմից հետո: Նման պայմանների դեպքում մարզիկները փոխվում են նաև յուրաքանչյուր սեթում։
Մրցավարական անձնակազմ
Մրցավարական անձնակազմը ձևավորվում է մրցաշարի հիման վրա։ Մրցավարների թիվը, ովքեր կարող են սպասարկել հանդիպումը, կախված է սահմանված կանոնակարգից և մասնակիցների թվից:
Գլխավոր մրցավար
Գլխավոր մրցավարն իրադարձությունների էպիկենտրոնում չէ, ինչպես դա ֆուտբոլում է։ Նա պատասխանատվություն է կրում մրցաշարի կազմակերպման և անցկացման համար՝ ընդհանուր առմամբ կատարելով ադմինիստրատիվ և վերահսկիչ գործառույթներ։ Դրանց թվում են.
- մրցավարների նշանակում
- աշխատանքի որակի վերահսկում
- վիճելի իրավիճակների հանգուցալուծում
- խախտողների նկատմամբ վճիռների կայացում
Գլխավոր մրցավարի տեղակալ
Գլխավոր մրցավարի տեղակալը հանդես է գալիս որպես հիմնական մրցավարի օգնական: Նա նաև վերահսկում է մրցավարական թիմերի աշխատանքը, կողմերի միջև հանդիպումներ է անցկացնում խաղերի մեկնարկից առաջ ու դիտողություններ անում իր ենթականերին։
Ավագ մրցավար
Ընդգրկված է մրցավարական անձնակազմի հիմնական կազմում: Հետևում է կորտի վիճակին, գծանշումների ճիշտությանը, արձանագրությունների պահպանմանը.
Աշտարակի վրա մրցավար
Աշտարակի մրցավարն անմիջականորեն հետևում է հանդիպմանը` հնարավորություն ունենալով բարձրությունից գնահատել իրավիճակը: Նա հագեցած է խոսափողով՝ հաշիվը հայտարարելու և մարզիկներին զգուշացումներ կատարելու համար։ Նրա աշխատավայրում ներառված է նաև թվային սարք՝ հաշիվը գրանցելու, վայրկյանաչափը գործարկելու և պահանջվող կրկնապատկերներն ուսումնասիրելու համար:
Գծային մրցավարներ
Թենիսում գծային մրցավարները հետևում են, թե որտեղ է ընկնում գնդակը: Եթե գնդակը դուրս է գալիս կորտի սահմաններից, ապա մրցավարն այդ առթիվ ազդանշան է տալիս՝ բղավելով «ֆոլ» կամ «աութ»:
Մրցավարների ժեստեր
Թենիսի հանդիպման ժամանակ գծային մրցավարները ժեստերի միջոցով գրանցում են խաղարկության արդյունքը հետևյալ կերպ.
- գնդակը լքել է կորտի սահմանները (աութ)․ մրցավարը ձեռքը մեկնում է այն ուղղությամբ, որտեղից արձանագրվել է դաշտի գծից գնդակի դուրս գալը
- գնդակը վայրէջք է կատարել կորտի ներսում կամ դիպել է գծին. ուղիղ միացնելով ձեռքերի ափերը՝ մրցավարը ցույց է տալիս այն գիծը կամ այն վայրը, որտեղ արձանագրվել է, որ գնդակն ընկել է հարթակի սահմաններում
- չկա որոշում․ գծային մրցավարն ափերը մոտեցնում է դեմքին այնպես, որպեսզի դրանք գտնվեն կզակի մակարդակին: Ժեստը ցույց է տալիս, որ մրցավարը չի կարող որոշել, թե որտեղ է ընկել գնդակը
- գնդակը դիպել է ցանցին կամ մնացել է ցանցի մեջ․ մրցավարը ձեռքը մեկնում է վերև, եթե մատուցման ընթացքում գնդակը դիպչում է ցանցին կամ անցնում է ցանցի միջով, մատուցող թենիսիստը հատել է կորտի սահմանը, կամ տեղի է ունեցել գլխավոր մրցավարի որոշման շտկում
Ամփոփում
Իր ստեղծման օրվանից ի վեր թենիսի կանոնները բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել: Այս պահին կիրառվում են միավորների հաշվման ընդհանուր կանոնակարգը և խաղի անցկացման սկզբունքները, որոնք սահմանված են Թենիսի միջազգային ֆեդերացիայի կողմից։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: