«Ռեալ» – «Բորուսիա»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն.
Ակումբային մրցաշրջանը մոտեցավ ավարտին. առջևում գլխավոր եվրագավաթի գլխավոր հանդիպումն է: Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո ասպարեզը կտրամադրվի ազգային հավաքականներին, որոնցից շատերը կմասնակցեն Եվրոպայի ու Ամերիկայի առաջնություններին: Բայց, մինչև այդ, փորձենք վայելել Դորտմունդի «Բորուսիայի» և Մադրիդի «Ռեալի» դիմակայությունը:
«Ռեալը» կրկին եզրափակիչում է. այստեղ չկա ոչ նորություն, ոչ զարմանալու առիթ: Կառլո Անչելոտիի «մեքենան» հերթական անգամ ճանապարհ հարթեց դեպի գլխավոր խաղ՝ պայքարից հանելով «Մանչեսթեր Սիթիի» և «Բավարիայի» պես հսկաների: Մինչև 15-րդ տիտղոսը մնացել է մեկ քայլ կատարել, և գրեթե ամբողջ աշխարհը չի կասկածում, որ Իսպանիայի նորընծա չեմպիոնը կանի դա: «Ռեալի» հաղթանակի մասին խոսում են բոլոր խաղային գործոնները: Չկա որևէ դիրք, որևէ ֆուտբոլային ունակություն, որով Մադրիդը մրցակցին զիջում է:
«Բորուսիայի» շանսը պետք է փնտրել այլ տեղերում, ես կասեի՝ հորինել: Փորձեմ մի քանի կետով բացատրել, թե ինչու այս եզրափակիչը կարող է անսպասելի ելք ունենալ.
- Անակնկալ եզրափակիչների տենդենցը
Այս մրցաշրջանի ավարտին կայացած բոլոր կարևոր եզրափակիչներում սենսացիա է գրանցվել: Ֆավորիտները չեն տարել ոչ մի հաղթանակ: Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին», Եվրոպա լիգայում մինչև այդ անպարտելի «Բայերը» պարտվեց «Ատալանտային», Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում էլ «Ֆիորենտինան» զիջեց «Օլիմպիակոսին»: Միգուցե շարքը շարունակվի՞:
2.Կուրտուայի վերադարձը
«Ռեալի» դարպասը գրեթե ամբողջ մրցաշրջանի ընթացքում փայլուն պաշտպանած Անդրեյ Լունինը չի խաղա Լոնդոնում: Վերջին պահին վնասվածքից ապաքինվեց Տիբո Կուրտուան, և Անչելոտիի առջև դիլեմա առաջացավ՝ ո՞ւմ վստահել առաջին համարը: Խաղից օրեր առաջ Մադրիդի ճամբարից նորություն եկավ, որ Լունինը հարբուխով հիվանդ է և թիմի հետ չի մեկնի Լոնդոն (կգնա միայն խաղի օրը, որպեսզի թիմակիցներին չվարակի): Կարծես՝ հարցն ինքստինքյան լուծվեց, բայց մնացին բազմաթիվ կասկածներ: Հարբուխով հիվանդ ֆուտբոլիստներին այսօր ոտքի են կանգնեցնում մեկ օրում, այն էլ նման կարևոր խաղերից առաջ: Կա տպավորություն, որ ուկրաինացուն պարզապես «խաղից դուրս» թողեցին: Իսկ նման բաների համար ճակատագիրը վերադարձնում է:
3. Թերագնահատված մրցակցի գործոնը
Եվ վերջապես, ուժերի չափազանց անհավասարության վտանգը: «Ռեալն» այնքան վստահ է իր հաղթանակին, որ կարող է պարզապես պատժվել «Բորուսիային» թերագնահատելու համար: Դորտմունդցիների հնարավորությունները շատ ավելի համեստ են, բայց Էդին Թերզիչի թիմում կան բավականաչափ լուրջ խաղացողներ, որոնք կարող են դեմ գնալ համընդհանուր կարծիքին: Ի վերջո, շատ հաճախ տեսնում ենք «հաջողության պատմություններ», որոնցից մեկը վերջնականապես կերտելու շեմին է գերմանական ակումբը:
Այս ամենը հաշվի առնելով, առաջարկում եմ գնալ որոշակի արկածախնդրության և ընտրել «Բորուսիայի» վերջնական հաղթանակը: Երկու գերմանացիների՝ Մարկո Ռոյսի և Տոնի Կրոսի հրաժեշտի խաղն ավելի հիշարժան կլինի դորտմունդցիների լեգենդի համար:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: