«ՊՍԺ» — «Արսենալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Մեկնարկում է Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գլխավոր` խմբային փուլը: 32 ակումբ բաժանվել է 8 խմբի և միայն 16 ուժեղագույնները հնարավորություն կստանան դուրս գալու հաջորդ փուլ: Մասնավորապես, A խմբում դժվար թե ծավալվի լուրջ պայքար առաջին երկու տեղերի համար, քանի որ անզեն աչքով էլ երևում է, որ «ՊՍԺ»-ն ու «Արսենալը» մեկ գլուխ բարձր են «Լուդոգորեցից» ու «Բազելից»: Անգլիական ու ֆրանսիական սուպերակումբներն էլ հենց կբացեն խմբի առաջին տուրը:
Փարիզյան ակումբը Զլատանի հետ ու առանց Զլատանի` երկու միանգամայն տարբեր երևույթներ են, ինչպես Ռուսաստանը Պուտինի հետ կամ առանց… Ինչևէ: Փաստը մնում է փաստ: Շեյխերի միլիոններն առայժմ ոչ մի օգուտ չեն տալիս: Ֆրանսիայի վերջին տարիների չեմպիոնն անվստահ է հանդես գալիս: Իսկ տրանսֆերային պատուհանի փակվելուց հաշված օրեր առաջ թիմը կորցրեց նաև Դավիդ Լուիսին: Դրան գումարեք նաև Դի Մարիայի ու Կավանիի ոչ այնքան լավ մարզավիճակն ու կստանաք բավական անկայուն թիմ: Բայց սա դեռ մրցաշրջանի սկիզբն է: Դեռ թիմի նորեկներ Խեսեն ու Հատեմ Բեն-Արֆան նոր են ադապտացվում: Գուցե և այդ ադապտացումը լինի հենց զինակիրների՞ հետ խաղում:
Լոնդոնյան ակումբի տրամադրությունն անհամեմատ ավելի բարձր է: Զինակիրներն անցած հանգստյան օրերին բարդ, բայց արժեքավոր հաղթանակ տարան «Սաութհեմփթոնի» նկատմամբ: Ընդ որում, հաղթական գնդակը խփվեց խաղի ավարտից վայրկյաններ առաջ: 11 մետրանոցից չվրիպեց բավական լավ մարզավիճակ հավաքած Սանտի Կասորլան: Վատ չեն նայվում նոր կազդուրված Օլիվյե Ժիրուն ու Մեսութ Օզիլը, աստիճանաբար հարավամերիկյան ուղևորությունից ուշքի է գալիս Ալեքսիս Սանչեսը: Չնայած այս դրական նորություններին՝ հույս չի ներշնչում «Արսենալի» լազարեթը: Այստեղ են Պեր Մերտեզակերը, Դեննի Ուելբեքը, Կառլ Ջենքինսոնն ու Աարոն Ռեմզին:
Վերջին օրերին նայելով երկու ակումբների ցուցադրած խաղը՝ դժվար թե կարելի է ենթադրել, որ թիմերն ինչ որ հետին միտք ունեին պահպանելու ուժերը Չեմպիոնների լիգայի համար: Երկուսն էլ բավական ծանր հանդիպումներ անցկացրին ներքին առաջնություններում: Սակայն, եթե Անգլիայի պարագայում ցանկացած հանդիպում անկախատեսելի ավարտ կարող է ունենալ, Ֆրանսիան այդ առումով մինչև վերջերս մեկ ակումբի առաջնություն էր: Բայց, ինչպես տեսնում ենք, «Պարի Սեն-Ժերմենն» առայժմ թույլ է: Ուստի դրանից կփորձի օգտվել «Արսենալը»: Համարձակվենք խաղադրույք կատարել նրանց օգտին:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: