«Փյունիկ» – «Շերիֆ»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն.
Հայկական ակումբային ֆուտբոլի ամենաերկարատև ու հաճելի եվրագավաթային մրցաշրջանն իր թեժ փուլում է: «Փյունիկը» սկսում է Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում հայտնվելու համար պայքարը: Հայաստանի չեմպիոնը նշանակությամբ երկրորդ եվրագավաթի ընտրական փլեյ-օֆֆ փուլում կմրցի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ:
Տիրասպոլը ներկայացնող ակումբն անցել է նույն ճանապարհը, ինչ «Փյունիկը»՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին երկու փուլում հաղթելով բոսնիական «Զրինսկիին» ու սլովենական «Մարիբորին»: Երրորդ փուլում անհաղթահարելի էր չեխական «Վիկտորիայի» արգելքը: Ճիշտ է, երկու խաղում էլ «Շերիֆը» լուրջ դիմադրություն ցույց տվեց Պլզենի թիմին: Միևնույն ժամանակ, պետք է շեշտել, որ սա այն «Շերիֆը» չէ, որն ընդամենը 11 ամիս առաջ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, Մադրիդում հաղթեց ապագա գավաթակրին: Մոլդովական ակումբում բազում փոփոխություններ են տեղի ունեցել, ինչի հետևանքը դարձավ առայժմ Եվրոպա լիգա տեղափոխվելը: Փոխվել է նաև գլխավոր մարզիչը, բայց չի փոխվել ակումբի քաղաքականությունը. «Շերիֆի» ընդհանուր հայտացուցակում ընդամենը երեք մոլդովացի կա, այնպես որ, արդյունքն ապահովողները բավականին լուրջ մակարդակի լեգեոնականներն են:
«Փյունիկում» ևս հիմնական տոն տվողներն արտասահմանցիներն են, բայց հիմնական կազմում քիչ չեն հայ կամ հայկական անձնագրով խաղացողները: Այդուհանդերձ, նույնն է մնացել Եղիշե Մելիքյանի գլխացավանքը՝ թիմը չունի շատ ուժեղ եզրափակող ֆուտբոլիստ և Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆից առաջ իրավիճակը կրկին մտահոգիչ է: Մեր չեմպիոնը գլխավոր եվրագավաթի երեք տնային խաղում այդպես էլ գոլ չխփեց, չնայած շատ մոր էր դրան «Ցրվենա Զվեզդայի» հետ պատասխան խաղում: Եթե չստացվի նաև այստեղ, ապա կարող ենք համարձակորեն արձանագրել, որ նոր մրցաշրջանում «Փյունիկի» թույլ տեղը հարձակումն է: Ոչ մի կերպ չի կարելի պնդել, որ թիմը չի գրոհում կամ ճնշում չի գործադրում մրցակիցների դարպասներին, բայց դա հարցի մի կողմն է. եթե չկա բարձրակարգ հարձակվող, այդ աշխատանքը ջուրն է ընկնում:
«Շերիֆի» արդյունքներն էլ Չեմպիոնների լիգայում ցույց են տալիս, որ այդ թիմը քչով բավարարվող է: Վեց խաղից ոչ մեկում խորվաթ Ստյեպան Տոմասի գլխավորած թիմը մեկ գոլից ավելի չի խփել: Տրամաբանությունը հուշում է, որ շատ գոլեր Երևանում չեն լինի: Բայց ֆուտբոլը գեղեցիկ է իր անսպասելի դրսևորումներով, և առաջարկում եմ այս անգամ տրամաբանությանը հակառակ գնանք. միգուցե եկե՞լ է պահը, երբ «Փյունիկն» ու «Շերիֆը» կհագեցնեն իրենց գոլային ծարավը: Երեք և ավելի գոլն առաջին խաղում իմ առաջարկն է: Մաղթում եմ հաղթական երեկո «Հանրապետական» ստադիոնում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: