«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Բարի օր.
Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը»: Համաշխարհային ֆուտբոլի երկու ծանր քաշայինների դիմակայության երկրորդ սերիան Անգլիայում է:
Անցած շաբաթ թիմերը «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում մեկական գնդակ փոխանակեցին՝ ակնհայտ ցույց տալով, որ հաղթողին պարզել չեն շտապում: Ոչ ոք չէր ցանկանում ռիսկի դիմել՝ գիտակցելով, որ մրցակիցն այնքան հզոր է, որ կարող է մեկ սխալը վերածել հաղթանակի: Չնայած տնային ոչ-ոքիին, կարծում եմ՝ այդ ելքն ավելի շատ Մադրիդի սրտով էր: Կառլո Անչելոտին արեց կարևորագույնը՝ «Մանչեսթեր Սիթիին» ստիպեց հաշվի նստել իր թիմի հետ: Պեպ Գվարդիոլայի՝ աջ ու ձախ բոլորին տրորող մեքենան ստիպված էր դանդաղ ընթանալ. այդ տարածքում արագության խիստ սահմանափակում էր գործում: Բայց դա չի նշանակում, որ Գվարդիոլան վախեցել էր մրցակցից. կատալոնացի մասնագետը պարզապես հետևություններ էր արել նախորդ տարիների սխալներից: Նա գիտակցեց, որ բաց ու ռոմանտիկ ֆուտբոլով կիսաեզրափակիչ չես հաղթի: Այն էլ, այդ փուլում գրեթե անպարտելի «Ռեալին»: Սա այն փուլն է, որից սկսած հաղթում է պրագմատիզմը՝ թեկուզ, դիմակայության մի մասում: Գվարդիոլան այնքան էր ցանկանում պահպանել այդ 1։1-ը, որ նույնիսկ մեկ փոփոխություն չցանկացավ կատարել: Աշխատող մեխանիզմում նա ոչ մի դետալի ձեռք չտվեց և հասավ իր ուզածին: Իսկ ինչու պետք է տնային ոչ-ոքիից գոհ լինի «Ռեա՞լը». որովհետև այսօրվա «Մանչեսթեր Սիթիի» հետ մուկ ու կատու խաղալ չի կարելի: Նվազագույն պահերով գոլ ստեղծելուց հետո մադրիդցիներն իհարկե պետք է փորձեին պահպանել առավելությունը: Ի վերջո բաց թողեցին, բայց ավելիի հետևից գնալն արկածախնդրություն է: Իսկ Անչելոտին այդ գոյականը չի ճանաչում, դա նրա մասին չէ: Այստեղից էլ «շախմատային» ոչ-ոքին առաջին խաղում:
Մանչեսթերում կայանալիք խաղից առաջ «Ռեալը», հնարավոր է, զրկվել է իր կարևորագույն խաղացողներից մեկից: «Խետաֆեի» հետ խաղում վնասվածք ստացավ Էդուարդո Կամավինգան: Եթե ֆրանսիացին չվերականգնվի, Անչելոտիի փազլում շատ բան կփոխվի: Ձախ պաշտպան Կամավինգային կարող է փոխարինել Դավիդ Ալաբան, իսկ հենակետային կիսապաշտպան Կամավինգային՝ Ֆեդերիկո Վալվերդեն, ինչը կնշանակի, որ առջևում մեկնարկային րոպեներից կխաղա Ռոդրիգոն: Իսկ դա համարձակ կազմ է նման մրցակցի հետ արտագնա խաղի համար: «Մանչեսթեր Սիթիում» բացակայում է միայն Նաթան Ակեն, բայց առանց հոլանդացու անգլիական թիմը խաղաց նաև Մադրիդում:
Կարծում եմ՝ եկել է կիսաեզրափակիչ խաղերի ամենագոլառատ մասը: Հաշվարկային առաջին խաղից հետո այս թիմերը պետք է բացեն իրենց հարձակման ամբողջ ներուժը, և սա կլինի այն խաղերից, որտեղ կհաղթի ավելի շատ խփած թիմը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: