«Լիվերպուլ» — «Լեսթեր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Անգլիական Պրեմիեր Լիգայում երբեք չեմպիոնի համար հեշտ չի եղել հաջորդ մրցաշրջանում: «Լեսթերի» պարագայում այդ դժվարությունը կրկնապատկվում ու անգամ եռապատկվում է, քանի որ «աղվեսները» հիմա անհավանական ճնշման տակ են: Թեպետ Կլաուդիո Ռանիերին հայտարարել է, որ ակումբի առջև դրված է ուժեղագույնների դիվիզիոնից դուրս չմնալու խնդիր, այնուամենայնիվ, բոլորը չեմպիոնից հենց չեմպիոնական խաղ են սպասում: «Լիվերպուլից» ակնկալիքները պակաս չեն: Յուրգեն Կլոպն այս տարի պիտի ապացուցի իր ֆանտաստիկությունը: Այլապես ստիպված պետք է գտնի «Էնֆիլդի» ելքի դռները: Այստեղ ներում-բեկում չկա:
Առաջիկա հանդիպմանը «կարմիրները» մոտենում են ոչ այնքան լավ տրամադրությամբ, բայց նրանց հավատն անսպառ է առ ապագա: Առաջին երեք խաղերում Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը նախ վալիդոլային հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ, բայց հետո պարտվեց «Բարնլիին» ու ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ: Այս խաղերում երևացին «բիթլների» ամենաթույլ օղակները` պաշտպանությունն ու դարպասապահը: «Լիվերպուլի» համար ամենաուրախալի նորությունը դարպասապահ Լորիս Կարիուսի վերադարձն է: Գերմանացին ամռանն է համալրել «Լիվերպուլի» կազմը, սակայն վնասվածքի պատճառով նոր է պատրաստվում նորամուտին: Հարցականի տակ է Ֆիլիպե Կոուտինյոյի մասնակցությունը, քանի որ բրազիլացու ֆիզիկական պատրաստվածությունը հարավամերիկյան հավաքից հետո, մեղմ ասած, բավարար վիճակում չէ:
Մրցաշարային աղյուսակում նույն կոտրած տաշտակի առջև կանգնած են նաև չեմպիոնները: Իրենց առաջին հաղթանակը Կլաուդիո Ռանիերիի գլխավորած սաները տարել են միայն նախորդ տուրում` 2:1 հաշվով պարտության մատնելով անկոտրում «Սուոնսիին»: 3 խաղ՝ մեկ հաղթանակ, 1 ոչ-ոքի և 1 պարտություն: Կազմի հետ կապված խնդիրները թեպետ ևս հետապնդում են Ռանիերիին, սակայն իտալացի մասնագետի ամենամեծ գլխացավանքը նույնպես դարպասպահի հարցն է: Կասպեր Շմեյխելը գրիժայի հետ կապված խնդիրների պատճառով վիրահատվել է, բայց արդեն պատրաստ է: Կվստահի՞ արդյոք նրան Ռանիերին, թե՞ թույլ կտա իրեն դրսևորել պահեստային Զիլերին: Սպասվում է, որ «Լեսթերում» նորամուտը կնշի ալժիրցի Իսլամ Սլիմանին: Նա, ի դեպ, ակումբի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստն է:
Այս մրցաշրջանում առաջին դիմակայությանը թիմերի պատրաստվածության աստիճանը թույլ է տալիս ակնկալել, որ կհաղթի «Լիվերպուլը»:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: