«Լայպցիգ» – «Ռեալ»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն.
Երկար սպասումների վերջն եկավ. ֆուտբոլային ուժեղագույն մրցաշարը վերադառնում է: Եկել է Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի ժամանակը՝ 16 ուժեղագույն ակումբները կսկեն պայքարը 1/8 եզրափակիչում: Հիշեցնեմ՝ սա վերջին խաղարկությունն է, որն անցկացվում է այս ձևաչափով: Հաջորդ խաղարկությունից փլեյ-օֆֆի մասնակիցներն այլ տարբերակով են որոշվելու: Թեև միշտ կա զգացողություն, որ փլեյ-օֆֆն ամբողջությամբ առանձին մրցաշար է: Հիմնական պատճառներից մեկը ձմեռային մեծ դադարն է, որից հետո շատ թիմեր էականորեն կերպարանափոխվում են: 1/8 եզրափակիչի խաղային առաջին օրվա երկու դիմակայությունից առանձնացրել եմ մեկը, որը կկայանա Գերմանիայում: «Ռեդ Բուլ Լայպցիգը» կհյուրընկալի մրցաշարի ամենատիտղոսակիր ակումբին՝ Մադրիդի «Ռեալին»:
Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ գերմանական ակումբի վերջնական հաղթանակին միգուցե միայն ինքն է հավատում: Անգամ դա փաստ չէ: «Լայպցիգը», որպես կանոն, բավարավում է հենց փլեյ-օֆֆ դուրս գալով: Ավելի առաջ գնալը մեծ հաջողություն է, բայց, թերևս, ոչ այս անգամ: Մրցակիցը պարզապես իր հագով չէ: «Լայպցիգն» այս կարգի մրցակիցների հետ շանսեր չի ունեցել՝ անգամ երբ ավելի լավ վիճակում էր: Օրինակ, նախորդ խաղարկությունում այս փուլում գերմանական ակումբը թեև տանն առաջին մրցավեճում ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ, բայց պատասխան խաղում ապագա չեմպիոնին պարտվեց 0-7 հաշվով: Կասեք՝ հիմա էլ «Լայպցիգը» կարող է տանը խնդիրներ առաջացնել հզոր մրցակցի համար: Չեմ համաձայնի երկու հիմնական պատճառով.
- Մարկո Ռոզեի գլխավորած թիմը նույն մարզավիճակում չէ, ինչ մեկ տարի առաջ: «Լայպցիգի» խաղն այս պահին շատ տպավորիչ չէ, հեռանկարում էլ լուրջ նպատակներ չկան: Միակ պայքարը՝ Բունդեսլիգայի ուժեղագույն քառյակում հայտնվելու համար է:
- «Ռեալն» այս հատվածում պարզապես չի նկատում իր մրցակիցներին: Անգամ վնասվածքների շարանը չի դանդաղեցնում Կառլո Անչելոտիի գնացքի ընթացքը: Վերջին խաղում «Արքայական» ակումբը 4-0 հաշվով ջախջախեց Լա լիգայում իր գլխավոր մրցակից «Ժիրոնային» և արդեն ոչ ոք չի կասկածում, որ «Սերուցքայինները» 36-րդ անգամ կդառնան Իսպանիայի չեմպիոն:
Վնասվածք ունեցող ֆուտբոլիստների ցուցակին կրկին միացավ Ջուդ Բելինգեմը, բայց «Ռեալն» արդեն ապացուցեց, որ կարող է իր խնդիրները լուծել նաև անգլիացու բացակայությամբ: Հետևաբար, չեմ տեսնում պատճառ, որ Մադրիդը մրցակցին չհաղթի դիմակայության հենց առաջին խաղում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: