«Ինտեր» — «Յուվենտուս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 02 փտր 2021
Խաղում է
Արմենիա Հ/Ը մարզական մեկնաբան, հաղորդավար, VNews.am կայքի լրագրող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ինտեր» — «Յուվենտուս» առաջին խաղի վերաբերյալ:

Ապենինյան թերակղզում սրբադասված է 3 երևույթ՝ պաստա, պիցցա ու ֆուտբոլ: Վերջինի հանդեպ բացառիկ սերը նկատելի է Իտալիայի ցանկացած անկյունում՝ հսկա Հռոմից մինչև փոքր ու գեղատեսիլ Սիենա: Իտալական ֆուտբոլում վառ դիմակայությունների պակաս չկա. «Ինտերի», «Միլանի», «Ռոմայի», «Յուվենտուսի» կամ «Լացիոյի» մասնակցությամբ հանդիպումները միշտ անցնում են դիտարժան ու լարված պայքարում: Համայն Իտալիայի գլխավոր դերբին ևս բացառություն չէ: Եվ քանի որ «Ինտերն» ու «Յուվենտուսն» իրենց ուժերը պիտի չափեն գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում, անգամ աննշան ֆավորիտի նշելն այս պարագայում մեծագույն բարդություն է:

Դիմակայության պատմությունն ու թվերը

Մի քիչ խոսենք թվերից. Իտալիայում այս թիմերից շատ միմյանց հետ ոչ ոք չի մրցել: 252 հանդիպումից 112-ում հաղթել է «Յուվենտուսը», 78-ում ուժեղ են եղել «ներաձուրիները»: Գոլերով նույնպես առաջ է «Յուվեն»՝ 358-325: Գավաթային մրցավեճերում «Յուվեն» ունի 4 հաղթանակի առավելություն՝ 14-10:

Այս թիմերի միջև հարաբերությունները միշտ լարված են եղել: Այն հասել է իր գագաթնակետին 1997/1998 մրցաշրջանի վերջում, երբ «Յուվեն» ու «Ինտերը» վիճարկում էին երկրի չեմպիոնությունը: Անձնական դիմակայության ընթացքում գլխավոր մրցավարը կայացրեց, մի շարք, մեղմ ասած, վիճելի որոշումներ, որոնց արդյունքում չեմպիոնական գավաթը գնաց Թուրին, իսկ խաղի վերաբերյալ դաժան քննարկումները տեղափոխվեցին Իտալիայի Ազգային ժողով: Քննարկումները վերածվեցին վիճաբանության, վիճաբանությունը՝ ծեծկռտուքի: Այդ օրվանից շատ ջրեր են հոսել, ֆուտբոլը փոխվել է, բայց լարվածությունն այս խաղում երբեք չի կորչի, նույնիսկ եթե տրիբունաները լինեն դատարկ:

Վերջին հանդիպումները

2016 թվականը «Ինտերի» ֆաների համար խառը էմոցիաներով լի տարի էր: Թիմը հեռու էր չեմպիոնությունից, սակայն 1 օրացույցային տարվա ընթացքում 2 անգամ «Յուվենտուսին» հաղթելը մեծագույն նվաճում էր: Նախ անհավանական կերպով «Ինտերը» գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ խաղում քամբեք արեց՝ հաղթելով 3-0 հաշվով ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ (առաջին խաղում «Յուվենտուսը» հաղթել էր նույն՝ 3-0 հաշվով), սակայն Ռոդրիգո Պալասիոյի վրիպումը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում խաչ քաշեց միլանյան թիմի սխրագործության վրա: Դրան հաջորդեց «ներաձուրիների» տնային հաղթանակն արդեն Ա սերիայում:

2016-ի սեպտեմբերյան այդ տրիումֆից հետո «Ինտերի» հաղթանակները ավարտվեցին: Ավելի քան 4 տարվա մեջ թիմերն անցկացրել են 7 հանդիպում: Այդ 7 խաղում միայն 2 ոչ-ոքի, 1 հաղթանակ ոչ պաշտոնական խաղում՝ դա իհարկե, լուրջ չէ: Սակայն մի քանի օր առաջ սառույցը կոտրվեց. «Ինտերն» վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ՝ 2-0: Այնպես որ, թեպետ ընդհանուր դիմակայությունում «Յուվեն» ունի հսկա առավելություն, սակայն գավաթային վերջին խաղում հաղթել է «Ինտերը» (հետո՞ ինչ, որ 2016-ին): Վերջին խաղում նույնպես «Ինտերն» ուժեղ է եղել:

Հավանական կազմերն ու բացակա խաղացողները

Քանի որ սա գավաթային դիմակայություն է մարզիչները կաշխատեն  շատ փոփոխություններ անել ու հանգստանալու հնարավորություն տալ առաջատարներին: Անտոնիո Կոնտեն ստիպված դաշտ դուրս չի բերելու իր երկու առանցքային խաղացողներին՝ Ռոմելու Լուկակուին ու Աշրաֆ Հաքիմիին: Նրանք երկուսն էլ որակազրկված են «Միլանի» հետ կիսաեզրափակիչում դեղիններ հավաքելու պատճառով: Կոնտեն ունի ոչ այնքան շատ, բայց և այնպես համարժեք փոխարինողներ՝ Հաքիմիի տեղը աջ ինսայդի դիրքում կզբաղեցնի Մատեո Դարմիանը, իսկ Լուկակուի փոխարեն մրցակցի դարպասի ուղղությամբ իր ուշադրությունը կսևեռի Ալեքսիս Սանչեսը, որը մի քանի օր առաջ մի ոտքով Հռոմում էր:

Միակ հարցականը երրրորդ կենտրոնական պաշտպանի դիրքն է, որը Բաստոնիի փոխարեն կարող է զբաղեցնել Ալեքսանդր Կոլարովը: Մնացյալ բոլոր ֆուտբոլիստներն «Ինտերի» կազմում պատրաստ են խաղին, մանավանդ որ «ներաձուրիները» կազմը թարմացնելու կամ որևէ մեկին հանգիստ տալու խնդիր չունի. Կոնտեի թիմերը դուրս է մնացել Եվրագավաթներից:

Անդրեա Պիռլոյի թիմում էլ կլինեն փոփոխություններ: Անվանի մասնագետը նախախաղային ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դարպասը վստահելու է լեգենդար ու չծերացող Ջանլուիջի Բուֆոնին: Ըստ իտալական մամուլի՝ Պիռլոն դեռևս չի կողմնորոշվել կենտրոնական պաշտպանների հարցում: Ամենայն հավանականությամբ, Ջորջո Կյելինին խաղին կհետևի պահեստայինների նստարանից, իսկ ցենտրդեֆերի զույգը կկազմեն Դե Լիխտն ու Բոնուչին:

La Gazzetta dello Sport-ին հայտնի է դարձել, որ խաղը մեկնարկային կազմում է միանշանակ սկսելու Ռոդրիգո Բենտանկուրը, որովհետև Ա սերիայի հաջորդ՝ 22-րդ տուրի «Ռոմայի» հետ կարևոր խաղը նա բաց է թողելու որակազրկման պատճառով: Մկանային խնդիրների հետևանքով «Ինտերի» հետ հանդիպումը բաց կթողնի Պաոլո Դիբալան: Լրագրողները գրեթե բացառում են նաև Աարոն Ռեմզիի մասնակցությունը խաղին:

Ով ինչ է ասել խաղից առաջ

Անտոնիո Կոնտե – «Լուկակուի բացակայությունը մեզ համար խնդիր չէ: Մենք առանց նրա էլ կփորձենք անել այն, ինչ ծրագրել ենք՝ հաղթել մրցակցին ու շարժվել առաջ: Դիմակայությունը տևելու է առնվազն 180 րոպե: Սովորաբար ամեն ինչ վճռվում է պատասխան խաղում, բայց մենք պետք է անենք առավելագույնը՝ առաջին խաղում բոլոր հարցերը լուծելու համար»:

Անդրեա Պիռլո – «Թեպետ մենք պարտվել ենք «Ինտերին» առաջնության խաղում, սակայն այդ խաղի մասին այլևս չենք մտածում: Դա մնացել է անցյալում և մեզ այլևս չի հուզում: Այո, մենք արել ենք անհրաժեշտ վերլուծություններ, որոնք կաշխատենք կյանքի կոչել առաջիկա խաղին ու հասնել դրական արդյունքի»:

Անդրեա Ռանոկիա («Ինտերի» պաշտպան) – Վերջին խաղում մենք հիանալի հանդես եկանք ու տարանք վստահ հաղթանակ: Հաջորդ խաղը սկզբունքային է մեզ համար: «Ինտերի» համար չկան հեշտ կամ բարդ մրցակիցներ, մենք յուրաքանչյուրին վերաբերվում ենք հարգանքով ու պատրաստվում ենք ինտենսիվորեն: Սակայն «Յուվենտուսի» հետ խաղը միշտ էլ առանձնահատուկ է եղել: Կփորձենք հասնել լավագույն արդյունքին:

Խաղի գլխավոր մրցավար, վայր ու ժամ

Հանդիպումը սպասարկելու է Ապենինյան թերակղզու ամենաուժեղ մրցավարներից մեկը՝ Ջանպաոլո Կալվարեզեն: Խաղը տեղի կունենա «Սան Սիրո» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին:

Կանխատեսում

Երկխաղանոց դիմակայության առաջին հանդիպման ելքի վերաբերյալ որևէ կանխատեսում անելը բարդ է, բայց կփորձենք դիմել ռիսկի ու հավատալ, որ խաղում թիմերից միայն մեկը կհասնի հաջողության:

Օրդինար: Չխաղարկված
Իտալիայի Գավաթ
23:45/2 փտր
Интер - Ювентус
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ