«Բուքմեյքերների Ռեյտինգը» հայկական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի երեք հանդիպում: «Ալաշկերտը» կհյուրընկալի «Արարատին», «Բանանցը» ուժերը կչափի «Շիրակի» հետ, իսկ «Գանձասար-Կապանը» կլինի «Փյունիկի» հյուրը:
«Ալաշկերտին» պատմական չեմպիոնությունից ընդամենը մեկ միավոր է բաժանում: Աբրահամ Խաշմանյանի թիմը ողջ մրցաշրջանի ընթացքում կայուն ֆուտբոլ ցուցադրելու արդյունքում վստահորեն գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը: Մրցակիցը ձախողեց 2015/16 թթ. մրցաշրջանն ու ամենայն հավանականությամբ կմնա հինգերորդ հորիզոնականում:
Չհաշված «Ուլիսի» դեմ խաղում վաստակած տեխնիկական հաղթանակը՝ Վարուժան Սուքիասյանի թիմը վերջին անգամ հաղթանակ է տոնել նախորդ տարվա նոյեմբերի 28-ին՝ ուժեղ գտնվելով նույն ուլիսցիներից: Իսկ «Ալաշկերտը» նախորդ չորս խաղերից երեքում հաղթել է, մեկն ավարտել ոչ-ոքի: Այս թիմերի վերջին երկու հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի՝ 0:0, 1:1:
Որակազրկման պատճառով խաղին չեն մասնակցի տանտերերի հենակետային Արտակ Գրիգորյանը եւ հյուրերի կիսապաշտպան Ումարու Կաինան:
Առաջիկա խաղը հյուրերի համար ոչ մի նշանակություն չունի, իսկ տանտերերին անգամ ոչ-ոքին է բավականացնում: Այնպես որ, կարելի է սպասել սակավագոլ հանդիպում:
Հայաստանի նորընծա գավաթակիրը կընդունի երկրորդ տեղի համար պայքարող «Շիրակին»: Վարդան Բիչախչյանի թիմը վերջին շրջանում հիանալի է խաղում, ինչի արդյունքում ամրապնդվել է երկրորդ հորիզոնականում: Գյումրեցիները չեն պարտվել նախորդ ութ խաղերում: Տիտո Ռամալյոյի թիմն էլ առաջնության վերջին հինգ խաղում ընդամենը մեկ պարտություն է կրել:
Այս թիմերի միջեւ կայացած վերջին 7 խաղերում «Բանանցը» ոչ մի հաղթանակ չի տոնել: Թեեւ երեւանյան ակումբի գլխավոր մարզիչը նշել է, որ ամեն խաղում պայքարելու են հաղթելու եւ մրցաշարային աղյուսակի նկուղից հեռանալու համար, բայց, պետք է հաշվի առնել, որ հյուրերին հաղթանակն ավելի է անհրաժեշտ:
Չնայած, որ որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի գյումրեցիների հարձակվող Օդիլոն Կուակուն, կարծում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: «Երկուսն էլ գոլ կխփեն» խաղադրույքն այս թիմերի վերջին վեց խաղերում աշխատել է:
Եվրագավաթի ուղեգիր պարգեւող տեղերի համար պայքարը սրվում է: «Շիրակին» եւ «Փյունիկին» միացավ «Գանձասար-Կապանը»: Արտագնա խաղում հաղթելու դեպքում կապանցիները մրցաշարային աղյուսակում կշրջանցեն «Փյունիկին» եւ կբարձրանան նվազագույնը երրորդ հորիզոնական:
Թիմերն առաջիկա խաղին մոտենում են տարբեր տրամադրվածությամբ: Աշոտ Բարսեղյանի ֆուտբոլիստները նախորդ յոթ խաղում պարտություն չեն կրել, իսկ մրցակիցը վեց հանդիպում անընդմեջ չի կարողանում առավելության հասնել մրցակիցների նկատմամբ:
Նախորդ խաղում կապանյան թիմը նվազագույն հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ, իսկ Երեւանում ջախջախվել է 0:4 հաշվով:
Տանտերերից խաղը բաց կթողնի Արթուր Յուսպաշյանը, «արջերից» որակազրկված է Տիգրան Բարսեղյանը:
Հաշվի առնելով հյուրերի հիանալի մարզավիճակն ու հաջողության հասնելու մեծ շարժառիթը՝ կարծում եմ, որ նրանք չեն պարտվի:
Մի՛ մոռացեք գրանցվել մեր կայքում եւ ներքեւում մասնակցել քվեարկությանը: