Հայաստան – Խորվաթիա: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն.
Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում շարունակում է խառնել ֆավորիտների խաղաքարտերը: Թուրքիայից խլած միավորները բարդ կացության մեջ դրեցին այդ հավաքականին, որը թեև դեռ առաջատարն է, բայց այնտեղ արդեն զգում են, որ կարող են նահանջել այնքան, որ դուրս չգան Եվրոյի եզրափակիչ փուլ:
Թողնենք թուրքերի խնդիրներն իրենց հետ և կենտրոնանանք մեր գործերի վրա: Էսքիշեհիրում Հայաստանի հավաքականն ապացուցեց, որ արդեն ոչ ոքից չի վախենում: Խաղային տարբեր խնդիրներով հանդերձ, մենք տեսանք համարձակ թիմի, որը որոշակի հաջողության ուղեկցությամբ ի զորու է հաղթել անգամ ուժեղագույններին: Դա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանի հավաքականի հնարավորություններն անսահմանափակ են: Այն էլ ինչպես են սահմանափակ, ու այդ մասին չի դադարում խոսել Ալեքսանդր Պետրակովը: Առհասարակ, դուր է գալիս ուկրաինացի մասնագետի անկեղծությունը. նա չի վախենում բարձրաձայնել փոքր ընտրության և Հայաստանի հավաքականի իրական դիրքի մասին: Միևնույն ժամանակ, նա ֆուտբոլիստներին կարողանում է ճիշտ տրամադրել և դաշտում կարգերի տարբերությունը հաճախ չի երևում: Այդպես եղավ Թուրքիայում:
Առջևում ավելի լուրջ փորձություն է՝ Խորվաթիան: Հավաքական, որը ոչ միայն համալրված է համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներով, այլև կորցրած միավորներով խմբի միանձնյա առաջատարն է: Այն, որ խորվաթները կգրավեն առաջին տեղը, կասկած չի առաջացնում անգամ մրցակիցների մարզիչների մոտ: Եվ այդ ուղղությամբ հերթական քայլը կատարելու համար Զլատկո Դալիչի թիմը եկել է Երևան: Եկել է Լատվիայի դարպասը հինգ անպատասխան գնդակ ուղարկելուց հետո և ամենամարտական կազմով: Որևէ այլ պահի, հնարավոր է, մենք կարողանայինք դիմադրել Խորվաթիային, ինչպես մեկ անգամ արեցինք ընկերական խաղի շրջանակում: Բայց հիմա հանդիպում ենք առավել բարդ պայմաններում: Բացի այն, որ մրցակիցը գերմոտիվացված է և միավորների կարիք ունի, մենք էլ հանդիպմանը մոտեցել ենք ոչ լավագույն ֆիզիկական վիճակում ու մեկ լուրջ կորուստով: Թուրքիայի հետ խաղը շատ ֆիզիկական ու հոգեբանական ուժ խլեց, իսկ երկու օրում վերականգնվելը, անգամ ժամանակակից պայմաններում, ծանր է: Դրան էլ գումարենք, որ չի խաղալու Վարազդատ Հարոյանը, որը, չնայած ակումբում խաղային պրակտիկայի խնդիր ունի, Էսքիշեհիրում ապացուցեց, որ մեր ընտրանու իրական ավագն է:
Փաստերը խոսում են այն մասին, որ Խորվաթիան Երևանից իրենը կտանի. ունեմ մտավախություն, որ հաղթելով խոշոր հաշվով: Սխալվելու մեծագույն ցանկությամբ կանխատեսում եմ հյուրերի հաղթանակը երկու և ավելի գնդակի առավելությամբ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: