Եվրո-2016-ի կանխատեսում. Իսպանիան խմբում նվազագույնը 6 միավոր կվաստակի
Իսպանիան Եվրոպայի նախորդ երկու առաջնությունների հաղթողն է: Սա Վիսենտե դել Բոսկեի համար վերջին մրցաշարն է ազգային հավաքականի գլխավոր մարզչի ղեկին, որից հետո նա կլքի զբաղեցրած պաշտոնը: Ֆրանսիայից և Գերմանիայից հետո բուքմեյքերները որպես մրցաշարի հաղթող հավատում են Իսպանիային, և այդ իրադարձությունը գնահատում են 6,25 գործակցով: Իսկապես Իսպանիայի ընտրանին ունի լավ կազմ և ինչը շատ կարևոր է՝ մեծ փորձ՝ հերթական անգամ հաղթելու համար:
Որակավորման փուլ
Իսպանիային իր կարգի համեմատ որակավորման փուլում հեշտ մրցակիցներ էին բաժին հասել, որոնցից կարելի է նշել Ուկրաինայի և Սլովակիայի հավաքականներին: Եվրոպայի գործող չեմպիոններն անց են կացրել 10 հանդիպում, որոնցից 9-ում հաղթել են և կրել մեկ պարտություն (Սլովակիայի հավաքականից): Այդ խաղերում Դել Բոսկեի թիմը խփել է 23 գոլ, և բաց թողել 3-ը: Գոլ բաց թողնելու ցուցանիշով ամբողջ որակավորման փուլում Իսպանիան զիջում է միայն Ռումինիայի հավաքականին, որն ընդամենը երկու գնդակ է ընդունել սեփական դարպասը:
Կազմը
Դարպասապահներ՝ Իկեր Կասիլյաս («Պորտու»), Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Սերխիո Ռիկո («Սևիլիա»)։
Պաշտպաններ՝ Սերխիո Ռամոս («Ռեալ»), Ժերար Պիկե («Բարսելոնա»), Ժորդի Ալբա («Բարսելոնա»), Մարկ Բարտրա («Բարսելոնա»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Միկել Սան Խոսե («Աթլետիկ»), Խուանֆրան («Աթլետիկո»), Հեկտոր Բելերին («Արսենալ»):
Կիսապաշտպաններ` Բրունո Սորիանո («Վիլյառեալ»), Կոկե («Աթլետիկո»), Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Տյագո Ալկանտարա («Բավարիա»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Սեսկ Ֆաբրեգաս («Չելսի»), Լուկաս Վասկես («Ռեալ»):
Հարձակվողներ․ Արից Ադուրիս («Աթլետիկ»), Նոլիտո («Սելտա»), Ալվարո Մորատա («Յուվենթուս»), Պեդրո («Չելսի»):
Դել Բոսկեն «միքսված» կազմ է ընտրել՝ հրավիրելով փորձառու և երիտասարդ խաղացողների: Ֆուտբոլիստների մեծ մասը Եվրո-2012-ի հաղթական կազմից են: ԱԱ-2014-ում ձախողումից հետո Չավին և Ալոնսոն լքեցին հավաքականը՝ իրենց տեղը զիջելով երիտասարդ ֆուտբոլիստներին:
Մեկնարկային կազմ
Իսպանիայի հավաքականի առաջին համարի հարցը դեռ պարզ չէ: Երկու հիմնական թեկնածուներն Իկեր Կասիլյասն ու Դավիդ դե Խեան են: «Պորտուի» կազմում այս մրցաշրջանում իր մակարդակի համեմատ ոչ այդքան լավ ելույթներից հետո և նաև արդեն տարիքի պատճառով՝ Կասիլյասի տեղը մեկնարկային կազմում ապահովված չէ: Իսպանիայում այդ դիրքը վերջին 14 տարիներին հենց նրանն էր, այդ տեսանկյունից մի փոքր անսովոր կլինի լեգենդար դարպասապահի բացակայությունը: Այլ տեսանկյունից, Դե Խեան լավ մրցաշրջանից հետո արժանի է վերջապես իրեն դրսևորելու շանս ստանալուն և լավ խաղի դեպքում կարող է արդեն իր տեղն ապահովել մեկնարկային կազմում: Պաշտպանությունում ձախից կխաղա Ժորդի Ալբան, իսկ աջից՝ Խուանֆրանը կամ խոստումնալից և արագավազ՝ Հեկտոր Բելերինը: Կենտրոնում կխաղա Ռամոս-Պիկե փորձառու զույգը: Կասիլյասի բացակայության դեպքում հենց Ռամոսն էլ կլինի թիմի ավագը: Հենակետայինի դիրքում կարող են խաղալ Բուսկետսը, Կոկեն և փայլուն մրցաշրջան անցկացրած Բրունո Սորիանոն: Իսպանիայի հավաքականի վերջին խաղում ձախ եզրում իրեն լավ դրսևորեց Նոլիտոն, և հենց նա էլ կարող է խաղալ այդ դիրքում: Աջից, ամենայն հավանականությամբ, կխաղա Ինյեստան, իսկ հարձակվողական կիսապաշտպանի դիրքում կխաղա Դավիդ Սիլվան: Վերջին երկուսը խաղի ընթացքում կարող են փոխվել դիրքերով՝ լրացնելով միմյանց: Դե իսկ հարձակման գծում կխաղա Ալվարո Մորատան, քանզի Ադուրիցը, չնայած հիանալի մարզավիճակին՝ 35 տարեկան է, և Դել Բոսկեի մարտավարությանն ավելի շատ արագ հարձակվող է համապատասխանում. 2010-ին՝ Դավիդ Վիլյա, 2012-ին՝ Ֆերնանդո Տորես: Սակայն Ադուրիցը կարող է խաղի ընթացքում դուրս գալ փոխարինման, և մեկ ակնթարթում վճռել հանդիպման ելքը՝ օգնելով իր հավաքականին:
Կազմից տարբեր պատճառներով դուրս մնացած ֆուտբոլիստներ
Այստեղ առաջինը պետք է նշել Ֆերնանդո Տորեսի բացակայությունը, ով այս մրցաշրջանում Սիմեոնեի գլխավորությամբ երկրորդ երիտասարդություն ապրեց և Գրիզմանի հետ աչքի ընկավ փայլուն արդյունավետությամբ՝ վերհիշելով իր լավագույն տարիները ու հասնելով ՉԼ-ի եզրափակիչ: Շատերի համար զարմանալի էր նման որոշումը, քանզի և՛ Տորեսն էր լավ մարզավիճակում, և Դել Բոսկեն էր շատ լավ ծանոթ նրան, իսկ 2012 թվականին հենց Էլ Նինյոն փոխարինեց ծանր վնասվածք ստացած և հավաքականում անփոխարինելի Դավիդ Վիլյային ու օգնեց նվաճել գավաթը: Բացի այդ՝ Տորեսը անկախ մրցաշրջանի ընթացքում ունեցած մարզավիճակից և արդյունավետությունից՝ Իսպանիայի հավաքականում խաղից խաղ լավ մարզավիճակ հավաքելու և լավ ֆուտբոլ ցուցադրելու հատկություն ունի: Դավիդ Վիլյան MLS-ում լավ մրցաշրջան անցկացնելով՝ ցանկություն հայտնեց վերադառնալ Իսպանիայի ազգային հավաքական, Դել Բոսկեն ևս չբացառեց նրա վերադարձը, սակայն վերջնական հայտացուցակում նա չհայտնվեց: Վատ մարզավիճակի պատճառով կազմից դուրս մնացին Իսկոն, և Դիեգո Կոստան, ովքեր վերջին տարիներին անընդհատ հրավիրվում էին ազգային հավաքական:
Կանխատեսում
Իսպանիայի խմբում են Թուրքիայի, Խորվաթիայի և Չեխիայի հավաքականները: Իսպանիայի ընտրանին լավ կազմ ունի, Դել Բոսկեի ու Եվրո-2012-ում հաղթած ֆուտբոլիստների փորձառությունը կօգնի թիմին դուրս գալ խմբից: Կարծում եմ, որ Իսպանիան, միգուցե և դժվարությամբ, բայց կկարողանա հաղթել Չեխիային և Թուրքիային: Սակայն Չեխիայի կազմում խաղալու են Ռոսիցկու և Չեխի նման վարպետներ, ովքեր առաջ կտանեն իրենց հավաքականին: Իսկ ահա Խորվաթիայի հավաքականի դեմ Իսպանիան կարող է սայթաքել, այդ պատճառով խաղադրույք եմ կատարում, որ Դել Բոսկեի թիմը խմբում 5,5-ից շատ միավոր կվաստակի: Դուրս կգա խմբից, բայց ըստ իս, Իսպանիայի հավաքականի ներկայիս կազմը համեմատ նախորդ տարիների լավագույնը չէ Եվրոպայի առաջնությունում հաղթելու համար: Ֆուտբոլիստներից շատերը վերջերս են հրավիրվել հավաքական, մասնավորապես Մորատան, Նոլիտոն, Բրունոն, Ադուրիցը և կարող է խաղակցվածության խնդիր առաջանալ: Միգուցե, Դել Բոսկեն ևս մեկ հրաշք գործի և պատվով հեռանա ազգային ընտրանուց:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: