Եվրո 2016-ի կանխատեսում. դեպի 1/4. Խորվաթիա — Պորտուգալիա, Իտալիա — Իսպանիա,

20:00, 27 հնս 2016
Խաղում է
Հիասթափություններով և անակնկալներով համեմված Եվրո 2016-ի խմբային փուլն արդեն անցյալում է: Հունիսի 25-ին կմեկնարկի փլեյ-օֆֆը: Ժամանակն է վերլուծել թիմերի անցած ուղին, ցուցադրած ֆուտբոլն ու գնահատել նրանց շանսերը 1/8 եզրափակչում: Կդիտարկենք Խորվաթիա — Պորտուգալիա, Իտալիա — Իսպանիա հանդիպումները:

Խորվաթիա — Պորտուգալիա.

Իսպանիայի, Չեխիայի և Թուրքիայի հետ հայտնվելով նույն խմբում՝ Խորվաթիայի հավաքականը կարողացավ անպարտելի մնալ և վաստակած 7 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Անտե Չաչիչի թիմն աչքի ընկավ կայուն, հետաքրքիր ֆուտբոլով, մարտունակությամբ: Փայլեց թիմի կիսապաշտպանական գիծը: Մանջուկիչի պասիվությունը կարողանում էին իրենց խաղով չեզոքացնել Իվան Ռակիտիչը, Լուկա Մոդրիչը, Իվան Պերիշիչը, Մարսելո Բրոզովիչը:

Պաշտպանությունում ամեն ինչ կատարյալ չէր, ինչպես և հարձակման գծում: Թիմը 3 գոլ բաց թողեց, որոնցից երկուսը՝ Չեխիայի հետ խաղում: Մարիո Մանջուկիչը խմբային փուլի առաջին երկու հանդիպումներում եղել է մեկնարկային կազմում, բայց ոչնչով աչքի չի ընկել: Իսպանիայի դեմ խաղում նրան փոխարինեց «Ֆիորենտինայի» հարձակվող Կալինիչը, ով կարողացավ խոցել Դավիդ դե Խեայի դարպասը: Ամեն դեպքում, կարծում եմ, Չաչիչն առաջիկայում նախապատվությունը կտա «Յուվեի» սթրայքերին:

Պորտուգալիայի հավաքականը չարդարացրեց շատերի ակնկալիքները: Քրիշտիանու Ռոնալդուն և ընկերները չկարողացան հաղթել խմբային փուլի ոչ մի խաղում: Այո, ոչ թե չպարտվեցին, այլ չհաղթեցին: Այն դեպքում, երբ Հունգարիայի, Իսլանդիայի և Ավստրիայի հետ ընդգրկված էին ամենաթույլ խմբում: Հեծանիվ չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ պորտուգալացիների խաղը կախված է Ռոնալդուից: Վերջինս ձախողվեց առաջին երկու տուրերում, անգամ վրիպեց 11 մետրից: Պորտուգալացիների ավագի խնդիրներից մեկը, հավանաբար, իրեն ոչ հարազատ դիրքում հանդես գալն է: Չէ՞ որ «Ռեալում» նա ձախ եզրայինի պարտականություններ է կատարում, իսկ հավաքականում հարձակման գծի կենտրոնում զույգ էր կազմել Նանիի հետ: Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ հենց Ռոնալդուի արդյունավետ խաղի շնորհիվ Պորտուգալիան ոչ-ոքի կորզեց Հունգարիայից և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց:

Ֆերնանդու Սանթուշի թիմը խնդիրներ ունի նաև պաշտպանությունում: Կենտրոնում ունենալով Պեպեի և Կառվալյոյի պես փորձառու ֆուտբոլիստներ՝ թիմը խմբային փուլի 3 խաղում 4 գոլ բաց թողեց: Ակնհայտ է, որ մարզիչը շեշտը դրել է հենց փորձի վրա, բայց առայժմ դա հաջողություն չի բերում: Կարելի է ավելի շատ ժամանակ հատկացնել երիտասարդներին, որոնք այս պահին պորտուգալացիների ճամբարում են: Գուցե նրանց հաղթանակի ծարավը, աչքի ընկնելու ցանկությունը օգնի պորտուգալացիներին:

Այս դիմակայությունում նախապատվությունը տալիս եմ Խորվաթիայի ընտրանուն: Երկու թիմերի մասնակցությամբ հանդիպումները դիտելով՝ պետք է ասեմ, որ Խորվաթիայի շանսերն ավելի մեծ են:

Օրդինար: Պարտված
Եվրո 2016, 1/8 եզրափակիչ
23:00/25 հնս
Խորվաթիա - Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 75%
Չի՛ հաղթի 25%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Ivan+Perisic+Croatia+v+Spain+Group+UEFA+Euro+z_Czy8DW6zBx

Իտալիա — Իսպանիա

Ասել, որ երկու թիմերից ունեցած «սպասելիքներս» արդարացել են, սխալ կլինի: Անկեղծ ասած, տեսնելով Իտալիայի հավաքականի հայտացուցակը, անգամ չէի հավատում խմբային փուլը հաղթահարելուն: Բայց 2 հաղթանակ, 1 պարտություն, ինչը թույլ տվեց առաջին հորիզոնականը զբաղեցնել` հետևում թողնելով Բելգիային, Իռլանդիային և Շվեդիային:

Իհարկե, իտալացիների պաշտպանական գծի մասին ավելորդ է խոսել: Այնտեղ խաղում է, հավանաբար, եվրոպական լավագույն պաշտպանական եռյակը՝ Կյելինի, Բոնուչի, Բարձալի, որոնց խաղը «վերահսկում» է լեգենդար Ջիանլուիջի Բուֆոնը (բոլորն էլ «Յուվենթուսից»): Այսպիսի պաշտպանությամբ իտալացիները ոչ մի գոլ բաց չթողեցին, և միայն Իռլանդիայի դեմ պահեստային կազմով խաղալիս մեկ գնդակ ընդունեցին: Բայց կիսապաշտպանությունում և հարձակման կրակագծում լավագույնները չեն հավաքվել: Անտոնիո Կոնտեն «Չելսին» գլխավորելուց առաջ որոշեց թարմացնել Իտալիայի հավաքականի կազմը, ինչը շատերի դժգոհությունն առաջացրեց: Ճիշտ է, դեռևս իտալացի մասնագետի որոշումներն արդարացված են:

Ինչ վերաբերում է իսպանացիներին, ապա կանխատեսել էի, որ իրենցից առաջ կթողնեն Խորվաթիային, բայց ավելի ձանձրալի ֆուտբոլ էի սպասում: Թե՛ Չեխիայի, թե՛ Թուրքիայի հետ խաղերում Դել Բոսկեի թիմը հիանալի գործեց: Ճիշտ է, այս կազմին չեն հերիքում Իսկոն և հաջող մրցաշրջան անցկացրած Տոռեսը, բայց լավ մարզավիճակում են Դավիդ Սիլվան, Անդրես Ինյեստան և Ալվարո Մորատան:

Պաշտպանությունում էլ, կարծես թե, ամեն ինչ կարգին է: Ընդամենը երկու բաց թողած գնդակ, որոնցից մեկը Դավիդ դե Խեայի սխալն էր, իսկ մյուսի դեպքում Ռամոսը չհասցրեց փակել գնդակի ճանապարհը: Այլ կերպ ասած՝ իտալացիների պաշտպանությանը Դել Բոսկեի տղաները չեն զիջում:

Հետևաբար, կարելի է սպասել սակավագոլ ֆուտբոլ, որտեղ ամեն ինչ կարող է վճռել մեկ հարվածը: Այստեղ իմ ֆավորիտը Իսպանիան է: 4 տարի առաջ թիմերը հանդիպեցին եզրափակչում, և իսպանացիները ոչ մի շանս չտվեցին մրցակցին: Ճիշտ է, դրանից հետո շատ բան է փոխվել, բայց որքան թարմացել է Իսպանիայի կազմը, այնքան էլ՝ Իտալիայինը: Ալվարո Մորատային հսկելու են «Յուվենթուսում» իր իսկ թիմակիցները: Միևնույն ժամանակ, հարձակվողը լավ է ճանաչում նրանց, և կարող է նպաստել իր թիմի հաջողությանը: Կարևորում եմ նաև Ինյեստայի գործոնը: Երկրորդ երիտասարդություն ապրող Անդրեսը մեկ անգամ չէ, որ կարևորագույն խաղերում աչքի է ընկել: Խմբային փուլը ցույց տվեց, որ Իսպանիան ունակ է մինչև կիսաեզրափակիչ, անգամ եզրափակիչ հասնել:

Օրդինար: Պարտված
Եվրո 2016, 1/8 եզրափակիչ
20:00/27 հնս
Իտալիա - Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 6 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ