Եվրո 2016-ի կանխատեսում. դեպի 1/4. Անգլիա — Իսլանդիա, Շվեյցարիա — Լեհաստան:
Անգլիա — Իսլանդիա
Ընդամենը երկու շաբաթ առաջ այս երկու հավաքականներին քննարկելիս ավելի շատ կխոսեի Անգլիայից, քան Իսլանդիայից, բայց ով կմտածեր, որ այսպես կլինի. հիմա ամբողջովին այլ է պատկերը: Մրցաշարից առաջ այս թիմից որպես աստղ և առաջատար կարելի էր առանձնացել «Սուոնսիի» կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնին, բայց իսլանդացիների երեք խաղերից հետո տպավորությունը լրիվ այլ է: Ինչքան իմաստ կա թիմ բառի մեջ, բնութագրում է իսլանդացիներին՝ բնավորություն, համախմբվածություն, կազմակերպված ֆուտբոլ, հավատ սեփական ուժերի նկատմամբ, նվիրվածություն և արդյունք: Երկար խոսելու փոխարեն ընդամենը մեկ օրինակ բերեմ. աշխարհի ամենամեծ տարածքն ունեցող երկիրը՝ Ռուսաստանը, դուրս մնաց խմբային փուլից: Իսլանդիա: Երկիր, որի բնակչության թիվը 300000 է, բայց բնակչության 10%-ը ժամանել է Ֆրանսիա և աջակցում է իր հավաքականին:
Իսկ հիմա խաղից: Առաջին տուրում Իսլանդիան ոչ-ոքի խաղաց Պորտուգալիայի հավաքականի հետ՝ չթողնելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին՝ Քրիշտիանու Ռոնալդուին, աչքի ընկնել: Երկրորդ տուրում ոչ-ոքի խաղացին հունգարացիների հետ, ովքեր առաջին տեղով դուրս եկան խմբից: Եվրոյում առաջին երկու տուրերից հետո երրորդ զարմանքն իրեն երկար սպասեցնել չտվեց՝ իսլանդացիները դրամատիկ պայքարում հաղթեցին Ավստրիային և կխաղան 1/8 եզրափակչում:
Եվ հիմա «հավաքականների «Լեսթերը» 1/8 եզրափակչում կխաղա Անգլիայի հետ, իսկ խոսակցություններ կան, որ այդ իրադարձության կապակցությամբ Ֆրանսիա կժամանի Իսլանդիայի բնակչության ուղիղ կեսը: Ֆանտաստիկայի ժանրից այս կանխատեսումը կարող է իրականություն դառնալ:
Անգլիան մրցաշարին մոտեցել էր ֆավորիտներից մեկի կարգավիճակով: Սակայն հենց առաջին տուրից պարզ դարձավ, որ անգլիացիների խաղը լավագույնը չէ: Եվրոյի որակավորման փուլի բոլոր 10 խաղերում հաղթելուց հետո տրամաբանական էր մտածելը, որ Ռոյ Հոջսոնն արդեն գիտի կոնկրետ, կամ գոնե մոտավոր այն կազմը, որով հանդես կգա իր թիմը: Սակայն անգլիացի մասնագետը երեք տուրերից յուրաքանչյուրում փորձարկումներ էր անում: Երևի միայն Ջո Հարթի անունը կարելի է նշել, ում տեղը մեկնարկային կազմում ապահովագրված է: Պաշտպանության եզրերում փորձարկումներ են, հարձակման գծում Ռոյը չի կողմնորոշվում ում ընտրել՝ Քեյնի՞ն, թե՞ Վարդիին: Անգլիացիների լուսավոր կետերից մեկը 19-ամյա Դելե Ալին է, ով, ինչպես սպասվում էր, «Տոտենհեմի» կազմում լավ մրցաշրջանից հետո իրեն դրսևորեց նաև հավաքականում: Նա անընդհատ ակտիվ է և լարվածության մեջ է պահում մրցակցի պաշտպաններին:
Կարծում եմ, որ այսքանով իսլանդացիների հեքիաթը կվերջանա: Անգլիան նույնիսկ այդչափ անկազմակերպ ու անորոշ խաղով կկարողանա անցնել 1/4 եզրափակիչ, քանզի ֆուտբոլիստները կարգով մի քանի անգամ գերազանցում են մրցակցին և Իսլանդիայի ուժերն ուղղակի չի բավականացնի դիմակայել նման թիմի: Անգլիայի անցում:
Շվեյցարիա — Լեհաստան
Լեհաստանը, ինչպես և սպասվում էր, լավ անցկացրեց խմբային շրջանը և դուրս եկավ փլեյ-օֆֆ: Լևանդովսկին և խաղընկերներն առաջին խաղում Միլիկի գոլի շնորհիվ հաղթեցին Հյուսիսային Իռլանդիային, հետո ոչ-ոքի խաղացին մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Գերմանիայի հավաքականի հետ, իսկ երրորդ տուրում հաջողության հասան Ուկրաինայի հավաքականի նկատմամբ: Բոլոր այդ խաղերում լեհերը լավ տեսք ունեին: Թերություններից միայն կարելի է նշել պահերի չիրացումը: Գերմանիայի հավաքականի հետ լեհերը պահեր ունեին և մյուս երկու խաղերում ևս, ու դրանք իրացնելու դեպքում հաշիվները շատ ավելի խոշոր կարող էին լինել:
Լեհաստանի ընտրանին ունի հիանալի հարձակման գիծ՝ ի դեմս Լևանդովսկու և Միլիկի: Լևանդովսկին ներկայումս աշխարհի լավագույն հինգ հարձակվողներից է և կարող է մի ակնթարթում որոշել հանդիպման ելքը: Հենակետայինի դիրքում խաղում է Կրիխովյակը, ով նաև կատարում է մրցակցի գրոհները չեզոքացնելու գործառույթները: Պաշտպանությունը կայուն է, ինչն ապացուցում է այն փաստը, որ այդ երեք խաղերում լեհերը ոչ մի գոլ բաց չեն թողել: Իսկ գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան կարողանում է այս բոլոր ֆուտբոլիստներից մեկ թիմ ստանալ և նաև ունի ճիշտ ֆուտբոլային հոտառություն: Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում, երբ առաջին խաղակեսից հետո հաշիվը 0:0 էր, Նավալկան խաղադաշտ դուրս բերեց Յակուբ Բլաշիկովսկուն, ով րոպեներ անց դարձավ թիմի հաղթական գոլի հեղինակը: Արդյունքում լեհերը վաստակեցին նույնքան միավոր, որքան գերմանացիները, սակայն մեկ գոլի տարբերության պատճառով զբաղեցրեցին երկրորդ տեղը և կխաղան Շվեյցարիայի հավաքականի հետ:
Հետաքրքիր է, որ Շվեյցարիան ոչ-ոքի խաղաց մրցաշարի գլխավոր ֆավորիտ Ֆրանսիայի, իսկ Լեհաստանը հաղթողի հավակնորդներից երկրորդի՝ Գերմանիայի հետ, և այդ երկու հանդիպումներն էլ գոլազուրկ էին:
Շվեյցարիան ևս լավ անցկացրեց խմբային փուլը: Առաջին տուրում հաղթեցին Ալբանիային, իսկ հաջորդ երկու խաղերում ոչ-ոքի խաղացին Ռումինիայի և Ֆրանսիայի հավաքականների հետ: Շվեյցարացիները նույնպես չեն փայլում պահերի իրացնելու ունակությամբ: Սակայն կազմում ունեն լավ կատարողներ և յուրաքանչյուր դիրքում բարձրակարգ ֆուտբոլիստներ: Նրանց միակ թույլ օղակը, թերևս, կենտրոնական պաշտպանի դիրքն է, որտեղ խաղում է Յոհան Ջուրուն, ով առաջիկա խաղում պետք է «չեզոքացնի» Լևանդովսկուն: Սակայն Շվեյցարիան էլ ունի Ռիկարդո Ռոդրիգեսի և Գրանիտ Ջակայի նման երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր նոր չէ, որ խաղում են եվրոպական մեծ ֆուտբոլում:
Բուքմեյքերներն ավելի շատ հավատում են Լեհաստանի հավաքականին, և ես նույնպես: Անուամենայնիվ, Լեհաստանն այս երեք խաղերի արդյունքներով ավելի տպավորիչ ու համոզիչ տեսք ուներ, և եթե այն աշխատի իր պահերի իրացման վրա, ապա կարող է հաղթահարել Շվեյցարիայի արգելքը: Լեհերի անցում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: