Եվրո-2016-ի կանխատեսում. Անցում 1/4. Ֆրանսիա — Իռլանդիա, Հունգարիա – Բելգիա

23:00, 26 հնս 2016
Խաղում է
Ավարտվեց Եվրո-2016-ի խմբային փուլը, հայտնի դարձան 1/8 եզրափակչի բոլոր զույգերը: Ժամանակն է դիտարկել թիմերի հաջորդ փուլ դուրս գալու շանսերը: Այս նյութում կխոսենք ՖրանսիաԻռլանդիա և ՀունգարիաԲելգիա զույգերի մասին

Ֆրանսիա — Իռլանդիա

Ֆրանսիացիներն ընդհանրապես չտպավորեցին: Նրանցից ավելին էին սպասում: Նրանք միայն վերջին րոպեներին գործադրած ջանքերի շնորհիվ կարողացան հաղթել իրենց մրցակիցներին: Դեշամը պետք է ինչ-որ նոր բան մտածի ու ավելացնի թիմի խաղի մեջ, այլապես դժվար կլինի պայքարել չեմպիոնության համար: Ընդ որում` Իռլանդիայի արգելքն անցնելուց հետո Ֆրանսիային շատ հնարավոր է, որ քառորդ եզրափակչում բաժին հասնի Անգլիան:

Դեռևս չեն փայլում առաջատարները` Անտուան Գրիզմանը և Պոլ Պոգբան: Թեև Գրիզմանը հաղթական գնդակը խփեց ալբանացիների դարպասը, բայց «Աթլետիկոյում» փայլուն մրցաշրջան անցկացրած ֆուտբոլիստից շատ ավելին են սպասում: Պոգբան ընդհանրապես ո՜չ գոլով, ո՜չ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել, բայց շվեյցարացիների հետ հանդիպումը հույս ներշնչեց, որ «Յուվենթուսի» կիսապաշտպանը դեռ իր խաղը կվերգտնի: Ֆրանսիացին բավականին որակյալ խաղ ցուցադրեց այդ խաղում:

Փոխարենը հաճելիորեն զարմացնում են Դիմիտրի Պայետը ու Ն’Գոլո Կանտեն: Պայետը առաջին երկու խաղերում դարձավ գոլերի հեղինակ ու դեռևս միայնակ է ապահովում յուրօրինակությունը հարձակման գծում, իսկ Կանտեն ահռելի մեծ աշխատանք է կատարում և շատ է գնդակներ խլում: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է Դեշամի համար, քանի որ օգնում է կենտրոնական պաշտպաններին: Իսկապես շատ օգտակար խաղացող է:

Վստահ չի գործում նաև պաշտպանությունը` մասնավորապես կենտրոնը: Ռաֆայել Վարանի բացակայության պայմաններում Դեշամը հավաքական հրավիրեց Ադիլ Ռամիին, բայց Կոսյելնիի հետ նրանք այդքան էլ հուսալի զույգ չեն կազմել: Բացի այդ, Էվրայի խաղը ևս չի գոհացնում: Ռումինացիների հետ հենց նրա դանդաղկոտության արդյունքում նշանակվեց 11 մետրանոցը:

Գումարած դրան` կցանկանայի նշել նաև այն հանգամանքը, որ Օլիվյե Ժիրուն համարժեք փոխարինող չունի: Անդրե-Պիեր Ժինյակը դեռևս չի տպավորում: Կարելի էր հրավիրել եթե ոչ Կարիմ Բենզեմային, ապա Ալեքսանդր Լակազետին կամ Կեվին Գամեյրոյին: Սա ևս կարող է հետագայում խնդիր հանդիսանալ ֆրանսիացիների համար:

Ինչ վերաբերում է իռլանդացիներին, ապա նրանք բառի բուն իմաստով թիմ են: Ճիշտ է` չկան աստղեր, չկա առաջատար, բայց նվիրվածության և թիմային խաղի շնորհիվ նրանք կարողացան հաջողության հասնել ու այժմ 1/8 եզրափակչում են: Թիմից կարելի է առանձնացնել Ուես Հոլահանին, ում խաղաոճին նայելով չես ասի, որ բրիտանացի է: Հիանալի տեխնիկայի է տիրապետում, լավ հարվածներ ունի, շատ համակրելի ֆուտբոլ է ցուցադրում:

Այնուամենայնիվ, չնայած առկա խնդիրներին, կարծում եմ , որ Ֆրանսիայի հավաքականը կկարողանա դուրս գալ հաջորդ փուլ: Իռլանդացի պաշտպանները դանդաղ են, որից կարող են օգտվել ֆրանսիացի արագաշարժ հարձակվողները, ինչպես արեցին բելգիացիները: Իհարկե, Իռլանդիան կցանկանա Ֆրանսիայից ռևանշ վերցնել 2010 թվականի աշխարհի առաջնության անցումային խաղերում պարտության համար (0:1, 1:1, ընդ որում` Գալասը լրացուցիչ ժամանակում գոլը խփեց Անրիի` գնդակը ձեռքով կասեցնելուց և փոխանցելուց հետո), բայց կարծում եմ, որ կարգի հաշվին ու երկրպագուների աջակցության ներքո ֆրանսիացիներն ի վերջո կանցնեն հաջորդ փուլ:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
17:00/26 հնս
Ֆրանսիա - Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

soccer_euro_2016_belgium_c0-126-3000-1875_s885x516

Հունգարիա — Բելգիա

Հունգարացիները մեծ անակնկալ մատուցեցին` իրենց խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Նախ` առաջին տուրում նրանք հաղթեցին այդ խաղում ֆավորիտ համարվող Ավստրիային, այնուհետև ոչ-ոքի կորզեցին Իսլանդիայից, իսկ վերջին խաղում կռիվ տվեցին Պորտուգալիայի հետ և ոչ-ոքի` 3:3 հաշվով ավարտեցին հանդիպումը: Արդյունքում` Հունգարիան վաստակեց 5 միավոր ու զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Թեև նույնքան միավոր վաստակեց նաև Իսլանդիայի հավաքականը, բայց գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ հունգարացիները խմբից դուրս եկան առաջին տեղով:

Ինչ վերաբերում է բելգիացիներին, ապա նրանք նույնպես անակնկալ մատուցեցին: Շատերը սպասում էին, որ Բելգիան խմբից դուրս կգա առաջին տեղով, բայց Մարկ Վիլմոտսի թիմը մեկնարկային խաղում ձախողվեց ու 0:2 հաշվով պարտվեց Իտալիայի հավաքականին: Դրանից հետո բելգիացիները հավաքվեցին ու մյուս երկու խաղերում հաղթանակներ տարան: Նախ 3:0 հաշվով առավելության հասան Իռլանդիայի, իսկ այնուհետև 1:0 հաշվով` Շվեդիայի նկատմամբ: Արդյունքում` թիմը E խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Հունգարացիներն իրենց կազմում վառ աստղ չունեն, բայց փոխարենն աչքի են ընկնում խաղային բարձր կարգապահությամբ և համառությամբ: Հենց այդ որակների շնորհիվ նրանք կարողացան խմբից դուրս գալ առաջին տեղով: Մասնավորապես` Իսլանդիայի և Պորտուգալիայի հետ խաղերում շատ լավ նկատվեց նրանց համառությունը: Իսլանդացիների դեմ հունգարացիները չհանձնվեցին ու ի վերջո կարողացան ճեղքել նրանց ամուր պաշտպանությունը, իսկ պորտուգալացիների հետ հանդիպմանը թվում էր, թե Հունգարիան յուրաքանչյուր բաց թողած գոլից հետո կթուլանա և չի կարողանա պայքար մղել, բայց նրանք ոչ միայն չէին թուլանում, այլև կարողանում էին կրկին գրավել մրցակցի դարպասը: Արդյունքում` թիմը երեք գնդակ ուղարկեց ահեղ մրցակցի դարպասն ու չպարտվեց: Թերևս, հունգարացիներից կարելի է առանձնացնել ավագ Բալաշ Ջուջակին, ում գործողություններից շատ բան է կախված: Նա իրացնում է բոլոր ստանդարտները և տուգանային հարվածները: Ի դեպ, պորտուգալացիների հետ խաղում Ջուջակը դուբլի հեղինակ դարձավ:

Բայց ինչպես ցանկացած թիմ, հունգարացիները ևս թույլ կողմեր ունեն: Նրանց մոտ դա պաշտպանության կենտրոնն է: Պորտուգալացիների երեք գոլերն էլ խփվեցին կենտրոնից: Պաշտպանները չէին հասցնում Ռոնալդուի և Նանիի հետևից: Բացի այդ, պետք է հաշվի առնել թիմի դարպասապահ Գաբոր Կիրայի տարիքը: Նա արդեն 40 տարեկան է, ռեակցիան այն չէ, գումարած դրան` բարձրից փոխանցումների ժամանակ դժվարանում է ձեռքերի մեջ ֆիքսել գնդակը: Հենց դրա հետևանքն էր իսլանդացիներից բաց թողած գնդակը:

Մեկնարկային խաղում անատամ ֆուտբոլ ցուցադրելուց հետո բելգիացիները կարողացան հավաքվել ու իրենց մակարդակի ֆուտբոլ ցուցադրել: Շատ լավ վիճակում է Էդեն Ազարը, ով, ինչպես գիտեք, «Չելսիում» անհաջող մրցաշրջան անցկացրեց: Նրա մոտ կրկին ստացվում են հնարքները, դրիբլինգները, փոխանցումները: Այս հանգամանքը շատ կարևոր է Մարկ Վիլմոտսի համար, քանզի առաջնության մեկնարկից առաջ ամբողջ Բելգիային մտահոգում էր Էդեն Ազարի վիճակը: Ընդհանուր առմամբ, վերջին երկու խաղերում Բելգիան ցույց տվեց, որ մեծ պաշար ունի և կարող է երկար ճանապարհ անցնել այս Եվրոյում: Ընդ որում` Բելգիային բավականին հեշտ մրցաշարային ցանց է բաժին հասել` ի տարբերություն մյուս ֆավորիտների: Թերևս այս հավաքականի թույլ կետը շարունակում է մնալ պաշտպանության կենտրոնը, որտեղ Վենսան Կոմպանիի բացակայությամբ այնքան էլ իրենց այնքան էլ վստահ չեն զգում Թոմաս Վերմալենը և Տոբի Ալդերվեյրելդը: Հատկապես դա զգացվեց Իտալիայի հավաքականի հետ խաղում, որում Լեոնարդո Բոնուչիի երկար փոխանցումը ձեռնունայն թողեց երկու կենտրոնական պաշտպաններին և հնարավորություն տվեց Ջակերինիին անարգել գրավել Տիբո Կուրտուայի դարպասը: Թեև Հունգարիան համարվում է Եվրոյի ամենաարդյունավետ թիմերից մեկը (6 գոլ), սակայն Բելգիան ի զորու է կանգնեցնել հունգարացիների հարձակումը, որովհետև Իտալիային հաջորդած երկու խաղերում, որոնցում թիմը մրցեց Իռլանդիայի և Շվեդիայի հետ, անառիկ պահեց սեփական դարպասը: Բացի այդ, հունգարացիների արդյունավետությունը կարելի է կապել այն բանի հետ, որ նրանք համեմատաբար ավելի հեշտ մրցակիցների են հանդիպել: Հետևաբար, հաշվի առնելով նաև վերոնշյալ գործոնները, ընտրում եմ «Բելգիայի անցում» տարբերակը:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
23:00/26 հնս
Հունգարիա - Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ