«Չելսի» – «Լիվերպուլ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Միջազգային դադարին հաջորդող շաբաթներից ընթացքում եվրոպական թոփ առաջնությունները գտան ազատ պատուհաններ՝ անցկացնելու բաց թողնված ու գավաթի խաղարկության վճռորոշ փուլերի խաղերը։ Անգլիայի առաջնության 8-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» տանը կընդունի «Լիվերպուլին»։ Այնպես է ստացվել, որ ի սկզբանե չեմպիոնական հավակնություններ ունեցող այս 2 թիմերը հիմա ամեն ինչ անում են գոնե լավագույն տասնյակում տեղը պահպանելու համար։ «Լիվերպուլն» այս պահին 8-րդն է, «Չելսին»՝ 11-րդը։
Կանխատեսումը գրելու պահին դեռևս հայտնի չէ՝ ով է լինելու «Թոշակառուների» գլխավոր մարզիչը Գրեհեմ Փոթերի հեռացումից հետո։ Հիմնական թեկնածուն վերջերս «Բավարիայից» պաշտոնանկ եղած Յուլիան Նագելսմանն է։ Ակումբի խայտառակ ելույթները ոչ մի կերպ չեն կարգավորվում առաջին տուրից սկսած։ Ովքեր չեն հիշում՝ Փոթերը «Չելսիի»՝ այս մրցաշրջանում պաշտոնանկ եղած երկրորդ մարզիչն է. դեռևս սեպտեմբերին գործից զրկվել էր Թոմաս Տուխելը։ Ամենացավալին այն է, որ «Չելսին», կատարելով բազում տրանսֆերներ, ընդ որում՝ ռեկորդային, այդպես էլ «թիմ» չդարձավ ու ձեռագիր ձեռք չբերեց։ Գուցե, նոր մարզիչը գա, և ամեն ինչ կփոխվի, բայց, ինչպես ասում են՝ «ձուկը ջրում խոսակցություն ենք ծավալում»։
Այնպես չէ, որ «Լիվերպուլն» այս պահին ավելի նախանձելի վիճակում է։ Յուրգեն Կլոպի թիմը «Վուլվզին» ու «Մանչեսթեր Յունայթեդին» «չոր» ու վստահ հաղթելուց հետո 3 անընդմեջ պարտություններ է կրել «Բորնմութից» ու «Մանչեսթեր Սիթիից» ներքին առաջնությունում, «Ռեալից» էլ՝ Չեմպիոնների լիգայում։ Մերսիսայդյան ակումբը կայուն ֆուտբոլ ցույց չի տալիս, պահերի իրացումը խայտառակ ցածր մակարդակի վրա է։ Պատճառները շատ են, բայց մենք սա հենց այնպես չենք առանձնացնում. այո, «Մանչին» 7 գնդակ խփելը լուրջ գործ է, իսկ դրանից առա՞ջ, դրանից հետո՞։
Երբ իրար հետ մրցում են ձախողված թիմեր, այստեղ կարելի է ակնկալել երկու ելք. լինելու է գոլային հրավառություն՝ լի բազմաթիվ անհատական ու թիմային սխալներով կամ ծայրաստիճան ձանձրալի խաղ։ Քանի որ ճգնաժամում են գտնվում ոչ թե միջակ, այլ թոփ մակարդակի թիմեր, կարծում եմ, մենք գոլառատ խաղ կտեսնենք։ Ու, բացի դրանից՝ քանի որ «Չելսիի» խնդիրներն այս պահին ավելի շատ են ու միայն մարզչի փոփոխությամբ դրանք չեն լուծվի, ենթադրում եմ, որ «Լիվերպուլը» երկկողմանի գոլառատ խաղում կհաղթի մրցակցի հարկի տակ։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: