«Ատլետիկո Մադրիդ»-«Ռեալ Մադրիդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:15, 07 մրտ 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ատլետիկո Մադրիդ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ։

Եվրոյին կամ Մունդիալին նախորդող մրցաշարը միշտ էլ անցնում է խիտ գրաֆիկով. ակումբներն իրենց մրցաշարերը պետք է ավարտեն նախատեսվածքից մի քանի շաբաթ շուտ, որպեսզի ֆուտբոլիստները միանան հավաքականներին։ Իսկ եթե այդ նախապատրաստական փուլին գումարենք նաև կորոնատարին ու դրա հետևանքները, կստանանք առօրյա կյանքին վերադառնալ փորձող խելահեղ ֆուտբոլ։ Այդպիսի ֆուտբոլ պետք է ակնկալել «Ատլետիկո»-«Ռեալ» խաղում։

Չեմպիոնական խա՞ղ

Իսպանիայի առաջնության ավարտին դեռ ժամանակ կա։ «Ատլետիկոն» այս պահին 5 միավորի առավելություն ունի «Ռեալի» ու «Բարսելոնայի» նկատմամբ։ «Ացտեկները» 58 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը և մեկ հանդիպում էլ պակաս են անցկացրել։ «Ռեալին» հաղթելու ու բաց թողած խաղը ևս հաղթանակով ավարտելու դեպքում հնարավոր կլինի կրկին առաջ պոկվել։ Այդ դեպքում «Ռեալը» դուրս կմնա չեմպիոնական պայքարից։ Իսկ «Ռեալի» հաղթանակը կտրականապես կսրի իրավիճակը մրցաշարային աղյուսակի վերնահարկում։

Երկու թիմերը տարբեր տրամադարությամբ են մոտենալու դերբիին։ Դիեգո Սիմեոնեի տղաները վերջին 6 պաշտոնական խաղում տարել են միայն 3 հաղթանակ։ Հասկանալի է՝ մրցաշրջանը երկար է, գրաֆիկը՝ խիտ։ Չեմպիոնների լիգայում «Ատլետիկոն» անատամ խաղով պարտվեց «Չելսիին» սեփական հարկի տակ։ 0-1 հաշիվը դատավճիռ չէ, կարելի է պայքարել, բայց այսօրվա «Չելսիին» հաղթելը խիստ բարդ կլինի։

Մյուս կողմից Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո «Ատլետիկոն» կկարողանա իր ուժերը կենտրոնացնել բացառապես առաջնության վրա։ Բայց երկրպագուների հիշողության մեջ դեռ թարմ է 2013/2014 մրցաշրջանը, երբ «Ատլետիկոն» նվաճեց չեմպիոնական տիտղոսը, իսկ Չեմպիոնների լիգայում հասավ մինչև եզրափակիչ, որտեղ, ի դեպ, պարտվեց հենց «Ռեալին»։ Այնպես որ Սիմեոնեի ու իր տղաների մասին միանշանակ ոչինչ պնդել չի կարելի։

«Ռեալն» իրեն ավելի լավ է զգում հենց եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ «Ատալանտայի» հետ արտագնա խաղում Զիդանի տղաները հաղթել են ու ավելի հանգիստ են մոտենում պատասխան խաղին և «Ատլետիկոյի» հետ արտագնա դերբիին։ «Ռեալը» հաղթական շարք էր սկսել, որը սակայն նախորդ տուրում ընդհատեց «Ռեալ Սոսյեդատը»՝ Մադրիդից խլելով 2 միավոր։

Կորուստներ

«Էլ Չելոն» կազմի հետ կապված խնդիր գրեթե չունի։ Բոլորը վաղուց արդեն մոռացել են, որ սկանդալային դեպքից հետո շարունակում է որակազրկված մնալ պաշտպան Կիրան Տրիպյերը։ Մկանային խնդիրների պատճառով «Ռեալի» հետ խաղը միանշանակ բաց կթողնեն պաշտպան Խոսե Մանուել Խիմենեսն ու հարձակվողական ոճի կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն։ Նրանք երկուսն էլ վերջերս են վնասվածք ստացել։ Բայց եթե Խիմենեսի կորուստը կարելի է համարել քիչ թե շատ լուրջ, Յանիկ Կարասկոյի բացակայությունը չպետք է առանձնապես մտահոգի Սիմեոնեին։ Բելգիացի ֆուտբոլիստը վաղուց գոլ կամ ասիստ չի անում. վերջին անգամ նա աչքի է ընկել նախորդ տարվա դեկտեմբերին։

Զիդանի գլխացավանքներն անհամեմատ ավելի շատ են։ Ֆրանսիացի մասնագետը դեռ տևական ժամանակ չի կարողանա հույս դնել Դանի Կարվախալի ու Էդեն Ազարի վրա։ Ծնկի վնասվածքի պատճառով շարքից դուրս է ավագ Սերխիո Ռամոսը։ Հայտացուցակում չեն ընդգրկվի նաև պաշտպան Էդեր Միլիտաոն ու հարձակվող Մարիանո Դիասը։ Դա նշանակում է, որ Զիզուն նորից պաշտպանության աջ թևում ստիպված կլինի օգտագործել Լուկաս Վասկեսին։ Սակայն կան նաև ուրախ նորություններ. վնասվածքից ապաքինվել է Կարիմ Բենզեման։ «Ռեալի» գոլահարը թեպետ 100 տոկոս պատրաստ չէ խաղին, բայց արդեն սկսել է մարզվել։

Գլխավոր ինտրիգ։ Ո՞վ է գոլ խփելու «Ռեալից»

«Ատլետիկոյի» արդյունավետության գլխավոր պատասխանատուն՝ Լուիս Սուարեսը առողջ է։ Նրա կողքին կան նաև Ժոաո Ֆելիշն ու Մարկուս Լյորենտեն։ Չենք մոռանում նաև Անխել Կոռեայի մասին։ Իսկ «Ռեալը» աղետալի վիճակում է։ Մարիանո Դիասը Բենզեմայի միակ այլընտրանքն է։ Այն, որ «Ատլետիկոյի» հետ խաղում թիմը գործելու է «կեղծ 9» համարով, արդեն պարզ էր. Զիդանն այդ սխեման կիրառում է Բենզեմայի վնասվածքից հետո։ Բայց թիմին գոլ խփող է պետք։ Չեք հավատա, բայց Բենզեմայից հետո թիմի լավագույն ռմբարկուն Կազեմիրոն է, որը խփել է 5 գնդակ։ Վինիսիուս Ժունիորը խփել է 3 գոլ, Ռոդրիգոն և Իսկոն, որոնք պարբերաբար խաղում են կրակագծում, գոլ ընդհանրապես չեն խփել։

Վիճակագրություն

  • «Ռեալը» «Ատլետիկոյի» ամենաբարդ մրցակիցներից մեկն է։ Դիեգո Սիմեոնեն վերջին անգամ «արքայական ակումբին» Իսպանիայի առաջնությունում հաղթել է ավելի քան 5 տարի առաջ։2016 թվականի փետրվարի 27-ին Անտուան Գրիզմանի խփած միակ գնդակի շնորհիվ «Ատլետիկոն» հաղթել է։
  • Դրանից հետո «ացտեկները» «Ռեալին» հաղթել են բացառապես այլ մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի Սուպերգավաթում կամ ընկերական խաղում։
  • Կա ևս մի վիճակագրություն, որը պետք է մտահոգի Սիմեոնեին։ Իսպանիայի առաջնությունում վերջին անգամ «Ատլետիկոն» գրավել է «Ռեալի» դարպասը 2019 թվականի փետրվարի 9-ին։

Կանխատեսում

Թիմերը երբեք միմյանց խաղերում գոլ խփել չեն սիրել։ Գումարում ենք այն հանգամանքը, որ «Ատլետիկոն» սեփական հարկի տակ գրեթե չի պարտվում ու գոլ քիչ է ընդունում, ենթադրում եմ, որ «Ատլետիկոն» այս խաղում չի պարտվի, գոլեր էլ քիչ կլինեն։

Օրդինար: Չխաղարկված
Լա Լիգա
19:15/7 մրտ
Атлетико Мадрид - Реал Мадрид
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ