«Աթլետիկո Մադրիդ» — «Ռեալ Մադրիդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի այս տարվա խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը կրելու է ձևական բնույթ: Որքան էլ որ խորը հարգանք ունենանք «Աթլետիկոյի» ու հատկապես հանճարեղ մարզիչ Դիեգո Սիմեոնեի հանդեպ, 0:3 հաշվով պարտությունը հետ չեն բերում, քանի որ «աթլետները» «Բարսելոնա» չեն, առավել ևս «Ռեալն» էլ «ՊՍԺ» չէ: Հեքիաթային քամբեքերի սպասել կարող են միայն Մադրիդի կարմիր-սպիտակ բանակի ներկայացուցիչները, ավելի իրատեսներն արդեն հավաքում են ճամպրուկներն ու յութուբում պատրաստում են «Յուվե» – «Ռեալ» սուպեր եզրափակիչի պրոմո հոլովակները…
Այն, որ «Աթլետիկոն» երկրորդ անգամ անընդմեջ և երրորդ անգամ վերջին 4 տարվա մեջ դուրս է եկել ՉԼ կիսաեզրափակիչ, խոսում է այս ակումբի անհավանական ներուժի ու կամքի ուժի մասին: Էլ Չոլոյի թիմը վաղուց արդեն խաղակցված է, ֆուտբոլիստներն իրար հասկանում են կես բառից: Սակայն այսօր անգամ դա չի կարողանա փրկել նրանց «Ռեալի» պես գերհզոր մեքենայից, որի շարժիչի տուրբոն Կրիշտիանուն է: Գուցե այսօր հարազատ «Վիսենտե Կալդերոնում» մենք ականատես լինենք այս թիմերի միջև վերջին տարիների ամենագեղեցիկ ու հետաքրքիր խաղին, բայց ոչ պայքարին:
«Հնդկացիներն» այսօր խաղադաշտ դուրս կգան գրեթե հիմնական կազմով: Գլխավոր հարցականը կապված էր աջ պաշտպան Խուանֆրանի հետ, ով հասցրել է ապաքինվել թեթև վնասվածքից, ու այսօր նրան մենք կտեսնենք հիմնական կազմում: Իսպանական պարբերականների կարծիքով՝ այսօր վճռորոշ դեր պետք է խաղա բելգիացի Յանիկ Ֆերեյրա Կարասկոն, ում Էլ Չոլոն կօգտագործի որպես ենթահարձակվող՝ առջևի գիծ ուղարկելով Գրիզմանին ու Գամեյրոյին, այլ ոչ թե Տորրեսին: «Աթլետիկոյի» խորհրդանիշը իր թիմին նախ կօգնի պահեստայինների նստարանից, ապա նաև փոխարինման դուրս գալով: Մնացած բոլոր հիմնական ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ են:
«Սերուցքայինները» ներքին առաջնությունում հաջող հատված են անցկացնում, ու չեմպիոնական ինտրիգը միայն նրանց ձեռքում է: Հաջորդ բոլոր հանդիպումները, այդ թվում և «Սելտայի» հետ հետաձգվածը, հաղթելու պարագայում Զիդանն իր թիմին կբերի ոսկե մեդալները: Այս ամենը ավելի իրագործելի է, որովհետև Չեմպիոնների Լիգայի առաջին կիսաեզրափակիչում «սերուցքայինները» լուծել են իրենց խնդիրը: Այսօրվա խաղում «Ռեալն» ունի միայն երկու կորուստ, որոնք այլ պարագայում կհամարվեին ճակատագրական: Աջ պաշտպան Դանի Կարվախալն ու եզրային Գարեթ Բեյլը դեռ ապաքինվում են, ու բժիշկները անում են ամեն ինչ Քարդիֆի եզրափակիչին ոտքի կանգնեցնելու համար: Կարվախալին կփոխարինի Դանիլոն, Բեյլին, ըստ երևույթին, Իսկոն:
Ինչ վերաբերում է խաղադրույքին, ապա երկու թիմերն էլ գոլ կխփեն՝ «Աթլետիկոն» նման պաշտպանությամբ առանց գոլ բաց թողնելու չի մնա և չմոտիվացրած «Ռեալին» գոնե մեկը կխփի: Այդ պատճառով ընտրում եմ 1,79 գործակցով «երկուսն էլ կխփեն և տոտալ 2,5 գոլից շատ» խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: